Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը խոստացել է կատարել նաիրիտցիների պահանջներից մեկը

Հովիկ Աբրահամյանը խոստացել է կատարել նաիրիտցիների պահանջներից մեկը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքված նաիրիտցիներին խոստացել է, որ ինքն անձամբ կմիջնորդի, որպեսզի նրանց 9 պահանջներից մեկը՝ ուսանող երեխաների ուսման վարձերի վճարումը մինչև աշխատավարձի պարտքի մարելը հետաձգելը, կատարվի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նաիրիտի» մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ վարչապետն ասել է, որ մյուս պահանջները Կառավարությունը չի կարող կատարել: Վարչապետը նաև ասել է, որ գոնե մինչև ապրիլի 17-ն աշխատավարձ չի լինելու․ այդ օրը վարչապետը խոստացել է ընդունել նաիրիտցիներին:

Նշենք, որ Կառավարության նիստի ժամանակ ևս Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաիրիտցիների հարցին և նշել, որ կառավարությունը նրանց որևէ խոստում չի տվել: Նա ասել է, որ ձեռնարկությունում կատարված անձնակազմի կրճատումից հետո մնացել է 480 աշխատող, իսկ նախկին աշխատավարձի պարտքը, որը գոյացել է նախորդ տարիներին, հնարավոր կլինի վերադարձնել միայն գործարանում եղած գույքի մի մասի վաճառքից գոյացած միջոցների հաշվին: Այդ հարցի լուծմամբ աշխատանքներ է տանում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

«Նաիրիտ»֊ի աշխատակիցներն այսօր հանդիպել են նաև ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի և Գարեգին Նուշիկյանի հետ: Վարդան Այվազյանը խոստացել է մինչև հաջորդ ԱԺ նստաշրջանը հանդիպել վարչապետի և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ և որոշել՝ որն է «Նաիրիտի» աշխատակիցների պատքերը մարելու ամենահարմար ճանապարհը:

Tekali Taxi