Home / Հայաստան / Զինծառայողի մահվան մասին հայտնել են նրա հուղարկավորության օրը

Զինծառայողի մահվան մասին հայտնել են նրա հուղարկավորության օրը

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ, 43-ամյա Հայկ Քեշիշօղլյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին զոհվել է ապրիլի 3-ի գիշերը։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանը։ Դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել ապրիլի 7-ին՝ չնշելով մահվան օրը։ Հաղորդագրության մեջ ասված էր, որ, ըստ նախնական տվյալների, Քեշիշօղլյանը զոհվել է հակառակորդի կրակոցից։ Դեպքի վերաբերյալ տեղեկություններ չէր հայտնել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Ապրիլի 7-ին Epress.am֊ը զանգահարել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանին՝ խնդրելով պարզաբանել, թե երբ է տեղի ունեցել միջադեպը։ Տռուզյանը խնդրել է գրավոր ուղղել հարցը, սակայն մինչև ապրիլի 8-ը, ժամը 09։00֊ն մենք պատասխան չէինք ստացել։

Արտաշես Գալստյանը «Հրապարակ»֊ին ներկայացրել է դեպքի մանրամասները․ «Մառախուղ է եղել, երբ քաշվել է, կրակել է հակառակորդը, երեք գնդակ կպել է իրեն, վիրավորվել է, մինչև օգնություն են կանչել, երևի փորձել է սողալով հասնել պոստեր, չի կարողացել է, գլորվել է ձորը։ Մի ամբողջ օր ամեն ինչ արեցին, որ հանեն ձորից, թշնամու դեմն էր ընկել, մյուս օրը կարողացան հանել»։

Քեշիշօղլյանին հուղարկավորել են ապրիլի 7-ին։ Գյուղապետի խոսքով՝ ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է ապրում, զինծառայողն ունի 3 որդի, մեկը ուսանող է, սովորում է ՌԴ֊ում՝ զինվորական ուսումնարանում, մյուսը ծառայում է Ստեփանակերտում, երրորդը դպրոցական է։  

Tekali Taxi