Home / Հայաստան / ՀՀ պետբյուջեից շուկայականից բարձր գնով դպրոցների համար պլանշետներ կգնեն․ «ՀԺ»

ՀՀ պետբյուջեից շուկայականից բարձր գնով դպրոցների համար պլանշետներ կգնեն․ «ՀԺ»

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Մեկ երեխա֊մեկ համակարգիչ» փուլային ծրագրին։ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը «Պլանշետ ա էլի» հոդվածում ներկայացնում է ծրագրի հետ կապված խնդիրները։

Ծրագրի առաջին փուլի ընթացքում Վայոց ձորի մարզի 650 առաջին դասարանցիների համար կգնվի մեկական պլանշետ, ուսուցիչները վերապատրաստում կանցնեն, մարզի 45 դպրոցներում անլար ինտերնետ ապահովելու համար սարքեր կտեղադրվեն։ Ըստ ծրագրի, նախատեսվում է գնել «Արմթաբ» կոչվող պլանշետներ։ Գևորգյանը հիշեցնում է, որ 2013 թվականի դեկտեմբերի 6-ին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում մի միջոցառման ժամանակ պլանշետ է ցույց տվել և հայտարարել, թե դա «հայկական արտադրություն» է։

«Հետո պարզվեց, որ Հայաստանի հետ այդ պլանշետը որևէ առնչություն չունի՝ դետալները պատրաստվում են ԱՄՆ֊ում, իսկ դրանք հավաքվում են Հարավարևելյան Ասիայի երկրներում, և «հայկական պլանշետը» պատրաստ է։ Աշխարհի բոլոր մյուս պլանշետներից այն տարբերվում էր նրանով, որ ծրագիրը հայերեն էր։ Բայց դա այնքան էլ կարևոր չէ։ Էականն այն է, թե ինչ գնով պետք է գնվեն այդ պլանշետները մեր երեխաների համար։ Այն ժամանակ, երբ հայտնվեց այդ պլանշետը, խոսվում էր, որ գինը չի հասնի 200 դոլարի։ Երեկ կառավարության հավանությանը արժանացած ծրագրով՝ յուրաքանչյուր պլանշետի համար վճարվելու է 112 հազար դրամ կամ 235 դոլար։ Հենց հիմա էլեկտրոնային առևտուր իրականացնող համաշխարհային խոշորագույն ցանցերում (Իբեյ, Ամազոն) «Արմթաբի» համարժեք պլանշետների գինը մոտ 180 դոլար է», ֊ գրում է Հայկ Գևորգյանը։

Հոդվածագիրը նշում է, որ կառավարության ծրագրի օգնությամբ վերջապես «Արմթաբ» անունով պլանշետները իրացման շուկա կգտնեն ու բավական թանկ գնով կվաճառվեն։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi