Home / Հայաստան / Հրապարակախոսին ապօրինաբար են բերման ենթարկել, վճռել է դատարանը

Հրապարակախոսին ապօրինաբար են բերման ենթարկել, վճռել է դատարանը

Ապրիլի 7-ին Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը բավարարել է հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանի հայցն ընդդեմ ոստիկանության՝ վճռելով, որ Նեդոլյանը 2014 թվականի հունվարի 28-ին ապօրինաբար է բերման ենթարկվել և 3 ժամ պահվել ոստիկանության բաժնում, ինչպես նաև ապօրինաբար զրկված է եղել փաստաբան ունենալու իրավունքից: Այս մասին Նեդոլյանն այսօր ասել է Epress.am-ի հետ զրույցում: Հայցվորը նշել է, սակայն, որ դատարանը չի բավարարել իր այն բողոքը, համաձայն որի բերման ենթարկելը տեղի է ունեցել ազատ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի խախտմամբ:

Եթե ՀՀ ոստիկանությունը Վարչական դատարանի որոշումը չբողոքարկի Վերաքննիչ դատարանում, ապա Նեդոլյանը կարող է փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց ներկայացնել:

Նշենք, որ գործը վերաբերում էր 2014 թվականի հունվարի 28-ին Երևանում անցկացվող Հայաստանի բանակի կազմավորման 22-ամյակին նվիրված տոնախմբություններին զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Նեդոլյանին, ոստիկանություն բերման ենթարկելուն:

Այդ օրը բերման ենթարկվածների թվում են եղել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արտաշես Սերգոյանը, ովքեր ևս ոստիկանության գործողությունները բողոքարկել են դատարանում, սակայն այդ գործերով վճիռ դեռ չկա:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին, իր հայցով գործը ձգձգվել է այն պատճառով, որ դատավոր է փոխվել: Գործը գտնվում էր Ռոբերտ Սարսգյանի վարույթում, ով վերջին շրջանում ոստիկանության դեմ մի քանի վճիռ էր կայացրել։

Անցյալ ամսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դադարեցրել էր դատավորի լիազորությունները, և գործը հանձնվել է այլ դատավորի։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսին: 

Tekali Taxi