Ապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արամ Հակոբյանին երեկ ուշ երեկոյան մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Ձերբակալման օրը Հակոբյանի տանը կատարված խուղարկության ժամանակ իրավապահները տանիքում նռնակ էին հայտնաբերել։ «Հիմնադիր խորհրդարանի» գյումրեցի անդամներից մեկը կարծիք էր հայտնել, որ նռնակը կարող են միտումնավոր գցած լինեն, քանի որ տան տանիքը բաց է։
Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Ապրիլի 7-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» մյուս 5 անդամներին ապրիլի 9-ին կալանավորել էին 2 ամսով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով։
Կալանավորվածներից Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը տեղափոխվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանը և Գևորգ Սաֆարյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է կալանավորվածներին` նշելով, որ ապրիլի 7-ին ձերբակալվածները քաղբանտարկյալներ են։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արված գրառման մեջ նա նշում է, որ «Վարդաշենում» հանդիպել է Սեֆիլյանի, Ավետիսյանի և Մանուկյանի հետ, ու վերջինիս կոչ է արել դադարեցնել հացադուլը։ Փաշինյանի փոխանցմամբ, Մանուկյանը խոստացել է մտածել այդ մասին։
Պատգամավորը «Վարդաշենում» հանդիպել է նաև քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին, իսկ «Նուբարաշենում» «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին, ինչպես նաև Շանթ Հարությունյանի գործով դատապարտված քաղբանտարկյալներ Վահե Մկրտչյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սևակ Մնացականյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Ալեք Պողոսյանին, Ալբերտ Մարգարյանին։