Home / Տեսանյութեր / Խուզարկություն՝ «Հիմնադիր խորհրդարանում»․ բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին (թարմացված)

Խուզարկություն՝ «Հիմնադիր խորհրդարանում»․ բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին (թարմացված)

Այսօր վաղ առավոտվանից խուզարկություններ են սկսվել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության գրասենյակում և ներկայացուցիչների բնակարաններում, բերման են ենթարկել նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին (լուսանկարում), նրա եղբորը Թորոս Սեֆիլյանը, նախաձեռնության անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին։

Նախաձեռնության հաղորդագրության մեջ նշվում է, որ 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարան»֊ի շենք են եկել շուրջ երկու տասնյակ իրավապահներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ:

Նրանք գրասենյակում խուզարկություն իրականացնելու պահանջ են ներկայացրել, սակայն դեպքի վայր ժամանած փաստաբանին հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան ու նախաձեռնության ներկայացուցչին մուտք գործել շենք: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ միևնույն ժամանակ խուզարկություններ են սկսվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում։

Հատուկ քննչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ ասում է, որ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի:

Բացի այն, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հանցագործության նախապատրաստում), կատարվում է նախաքննություն», ֊ ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Պաշտոնական մարմինը, անուններ չնշելով, նույնպես հաստատել է, որ նախաձեռնության մի քանի անդամների տներում խուզարկություններ են իրականացվում։

Հ․Գ․ «Հիմնադիր խորհրդարանի» սկզբնական հաղորդագրության համաձայն, Պավել Մանուկյանը ձերբակալվել էր, թարմացված տարբերակում նշվել էր, որ նա, այլոց թվում, բերման է ենթարկվել։ Epress.am֊ը համապատասխան փոփոխություն է մտցրել թարմացված հոդվածում, որի նախորդ վերնագիրն էր․ «Ձերբակալություն և խուզարկություն՝ «Հիմնադիր խորհրդարանում»։

Tekali Taxi