Home / Տեսանյութեր / «Հոսպիտալում միայն բուժքույրն էր»․ երիտասարդը մահացել է զորակոչվելուց 45 ժամ անց

«Հոսպիտալում միայն բուժքույրն էր»․ երիտասարդը մահացել է զորակոչվելուց 45 ժամ անց

2012 թվականի դեկտեմբերի 21-ին բանակ զորակոչված և ընդամենը 45 ժամ հետո մահացած զինծառայող Նորայր Սահակյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Սահակյանի մահվան պատճառը պատշաճ բուժօգնության բացակայությունն է եղել։ Այս մասին երեկ Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ ասել է փորձագետ Գագիկ Հարությունյանը։

Երիտասարդի մայրը՝ Կարինե Մնացականյանը, ավելի վաղ պատմել էր, որ որդին սկսել էր ջերմել դեռևս Կենտրոնական հավաքակայանում ներարկումից 2 ժամ անց, սակայն նրան ճանապարհել էին Լեռնային Ղարաբաղ, որտեղ էլ Սահակյանը մահացել էր։

Սույն գործով ամբաստանյալի աթոռին են հավաքակայանի պատասխանատու բժիշկ Կարեն Ջուլհակյանը, ով ներարկումն է կատարել, ինչն էլ ալերգիկ վիճակ է հարուցել զինակոչիկի մոտ, ենթասպա Վարուժան Մանասյանը, ով զինակոչիկին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ, Խոջալուի հոսպիտալի հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանը և ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցը, ով ընդունել է հիվանդին։ Վերջինիս առաջադրվել է նաև սուտ վկայություն տալու մեղադրանք։ Նա գրել էր, որ մահվան օրը 00:40֊ից երիտասարդի կողքին է եղել, օգնություն ցույց տվել, սակայն քննիչը նշել է, թե պարզել էր՝ բժիշկը Խոջալուի հոսպիտալ է եկել ժամը 02:30-ին։

Փորձագետ Գագիկ Հարությունյանն ասել է, որ այն բանից հետո, երբ տղայի մոտ դեղից ալերգիկ վիճակ էր սկսվել, նրա ջերմությունը բարձրացել էր, բժիշկը պարտավոր էր նրան ռենտգենի ուղարկել։

«Չմտածեք, թե ալերգիան դա մաշկի վրա ինչ֊որ բաների առաջացումն է, դա ամբողջ օրգանիզմի հյուսվածքների վրա է ազդում։ Տղայի մոտ ջերմությունը հասել է 39.6֊ի։ Գերնպաստավոր պայմաններ են ստեղծվել թոքաբորբի արագ զարգացման համար։ Ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով համոզված եմ, որ եթե նրա թոքերը լսեին, խզզոց կլսեին»,֊ ասել է փորձագետը։

Ամբաստանյալ Կարեն Ջուլհակյանը պնդում է, որ լսել է թոքերը, սակայն ռենտգենի անհրաժեշտություն չի տեսել, քանի որ թոքերում խզզոց չկար։ Գագիկ Հարությունյանն էլ համաձայնել է, որ հավաքակայանում զինակոչիկի մոտ թոքաբորբի պատկեր դեռ չի եղել։

Մեղադրյալ Չախոյանի պաշտան Գեղամ Հակոբյանը հայտարարել է, որ հարցը զինվորների համար օգտագործվող պատվաստանյութերի ծագումն է։

«Էդ ինչի՞ դա փոխեցին այս դեպքից հետո», ֊ հարց է բարձրացրել փաստաբանը։ Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը, սակայն, հորդորել է մնալ քննվող գործի շրջանակներում։

Նիստին ներկա Նորայրի հայրը՝ Նվեր Սահակյանը, Epress.am֊ին ասել է, որ իր որդին առողջ է եղել, տարիներ շարունակ զբաղվել է բռնցքամարտով։

«Ներարկում են արել, որից հետո տաքությունը բարձրացել է։ Չգիտեմ ինչի՝ գինեկոլոգ է եղել այդ օրը հերթապահ, հաբ է տվել, պարացետամոլ, որ ջերմությունը իջնի ու երեխուն էդ ձևով ուղարկել է Ղարաբաղ։ Ճանապարհին էլի տաքությունը բարձրացել է, սպա է եղել մեքենայում՝ փոխգնդապետ։ Ասել է որդուս՝ քո համար ի՞նչ կարամ անեմ, ասել է՝ եթե կարաք, հետ ուղարկեք Երևան։ Սպան ասել է՝ ես էդ իրավասությունը չունեմ։ Ուղարկել են Խոջալուի հոսպիտալ։ Խոսեց մեր հետ հեռախոսով, ասեց՝ միայն բուժքույրն է հոսպիտալում։ Երեխու բախտը չի բերել, շաբաթ օր էր»,֊ նշել է հայրը։

Հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 27֊ին։  

Tekali Taxi