Home / Հայաստան / ԱՄՀ֊ն կովկասյան երկրների տնտեսությունների վերաբերյալ բացասական կանխատեսում է արել

ԱՄՀ֊ն կովկասյան երկրների տնտեսությունների վերաբերյալ բացասական կանխատեսում է արել

Տնտեսական ակտիվությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներում 2015 թվականին կշարունակի դանդաղել, ինչը գլխավորապես պայմանավորված է ապրանքային բորսաներում գների անկմամբ, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղեցման երկրորդական ազդեցություններով։ Կանխատեսվում է, որ տարածաշրջանում աճի տեմպերն ընթացիկ տարում կնվազեն 2 տոկոսով, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ մայիսի 19֊ին հրապարակված «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում։

2014 թվականին Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը կրճատվել է 1,4 տոկոսային կետից 5,4 տոկոսով։ Աճի անկումը մասամբ պայմանավորված է ապրանքների գների անկմամբ ու տնտեսական աճի դանդաղեցմամբ Ռուսաստանում, որն այդ տարածաշրջանի հետ սերտորեն կապված է դրամական փոխանցումների, առևտրի և օտարերկրա ուղղակի ներդրումների միջոցով։ Հաշվի առնելով ապրանքային բորսաներում նավթի գների կտրուկ անկումն ու Ռուսաստանի տնտեսության ակնկալվող թուլացումը՝ 2015֊ին տարածաշրջանում կանխատեսվում է տնտեսության զարգացման հեռանկարների վատթարացում։

Տնտեսական աճի վրա նավթի գների անկման դրական ազդեցությունը մասնակիորեն չեզոքացվում է ազգային արժույթների թուլացմամբ ու նավթի գների անկման՝ վառելիքի ներքին գների վրա թերի ազդեցությամբ՝ պայմանավորված ցածր մրցակցությամբ (Հայաստան, Ղրղզստան) ու երկարաժամկետ պայմանագրերով, որոնք չեն նախատեսում ներկրվող էներգակիրների գների ճշգրտում։ Ընդհանուր առմամբ, այս երկրներում 2015֊ին կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղեցում 3 տոկոսային կետից 1,5 տոկոսով։

Փոխարժեքի անկման ֆոնին՝ տարածաշրջանի բոլոր երկրներում մեծանում են գնաճային ճնշումները։ Չնայած 2014֊ին գրանցված գնաճի աննշան նվազեցմանը, ինչը պայմանավորված էր պարենային և հումքային ապրանքների համաշխարհային գների անկմամբ, տնտեսական ակտիվության թուլացմամբ ու մի շարք երկրներում (Հայաստան, Ղրղզստան, Վրաստան, Տաջիկստան) դրամավարկային քաղաքականության խստացմամբ, 2015֊ին ակնկալվում է գնաճ՝ 1 տոկոսային կետից 7 տոկոսով։

Կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանի նավթ ներկրող երկրներում բյուջեի դեֆիցիտը 2015 թվականին աճելու է՝ 2014֊ի 2,4 տոկոսից հասնելով 4,4֊ի։ Այս հանգամանքն առավելապես պայմանավորված է տնտեսական աճի դանդաղեցմամբ ու կապիտալային ծախսերի ավելացման հետևանքով առաջացած եկամուտների կրճատմամբ։  

Tekali Taxi