Home / Հայաստան / Գլխավոր դատախազն ԱԺ֊ում պաշտպանեց ոստիկանների` ուժ կիրառելու իրավունքը

Գլխավոր դատախազն ԱԺ֊ում պաշտպանեց ոստիկանների` ուժ կիրառելու իրավունքը

Զոհված զինվորների մայրերի նկատմամբ ոստիկանների կիրառած ուժը վայրագություն անվանելուց առաջ պետք է հարցնել՝ արդյո՞ք անհրաժեշտ էր հենց այդ մայթին ակցիա անել, և արդյո՞ք ակցիան չէր խոչընդոտում նախագահականի բնականոն աշխատանքին։ Այս մասին ԱԺ֊ում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ոստիկանների վարքի մասին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին։

«Իրականում մեր հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, որ եթե ոստիկանությունը ուժ է կիրառում, դա արդեն հանցագործություն է։ Այդպես չէ։ Ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում ոստիկանությունն այն եզակի կառույցներից մեկն է, ով օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու։ Այլ հարց է՝ ուժը կիրառվել է համաչա՞փ, թե՞ ոչ»,֊ ասել է Կոստանյանը։

Նրա խոսքով՝ ըստ օրենքի, ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել, եթե այլ մեթոդներով չի հաջողվում կարգ հաստատել։ Կոստանյանը նշել է նաև, որ որոշ երկրներում օրենքով սահմանված է՝ պահպանվող օբյեկտներից քանի մետր հեռավորության վրա է կարելի բողոքի ակցիա անցկացնել։

«Կան իրավիճակներ, երբ ոստիկանի կողմից ուժի չկիրառումը կհանգեցնի ոստիկանի նկատմամբ պատժի կիրառման։ Մենք չենք խոսում բացարձակ իրավունքի մասին, որ քաղաքացին որտեղ ուզի, ակցիա կանի», ֊ ասել է Կոստանյանը։

Նա հայտարարել է, որ եթե Մանուկյանը ունի հիմնավորումներ, որ ուժի կիրառման չափերը գերազանցվել են, թող ներկայացնի դրանք։ Գլխավոր դատախազի խոսքով՝ ինքը հանդիպել է մայրերին և խոստացել է, որ նրանց որդիների գործերը կբացահայտվեն։

«Սայլի շարժումը կարող է ձեզ տեսանելի չլինել, այն իմաստով որ այսօր, քննության շահերից ելնելով, մենք կարիք և անհրաժեշտություն չենք գտնում խոսելու», ֊ ասել է Կոստանյանը։

Նշենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների նկատմամբ ոստիկանությունն արդեն մի քանի ակցիաների ընթացքում ուժ է կիրառել, չնայած նրանք հասարակական կարգը չեն խախտում և պարզապես պաստառներով կանգնում են նախագահի նստավայրի առջև՝ բողոքի ակցիա անցկացնելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պահանջով։ Մասնավորապես, այս տարվա փետրվարի 11-ին ոստիկանության աշխատակիցները քարշ տալով նախագահականի դիմացի մայթ են տարել Գոհար Սարգսյանին, որից հետո վերջինս կորցրել է գիտակցությունը, և ներկաները ստիպված են եղել շտապ օգնության մեքենա կանչել։ Նախորդ շաբաթ ոստիկանները ուժով նախագակականի դիմացի մայթ են տարել խաղաղ ակցիա անցկացնող Իրինա Ղազարյանին և Նանա Մուրադյանին։

Զոհված զինվորների ծնողներին տարբեր պաշտոնյաներ բազմիցս խոստումներ են տվել, թե իրենց որդիների գործերի նոր ու արդար քննություն կանցկացվի, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Բողոքող մի քանի ծնողների երեխաների գործեր տարիների վաղեմություն ունեն։ Մասնավորապես, ակցիաներին մշտապես մասնակցում է Անահիտ Մկրտչյանը, ում որդին՝ Արայիկ Ավետիսյանը, զոհվել է 2001 թվականին, ինչպես նաև Գոհար Սարգսյանը, ում որդին՝ Տիգրան Օհանջանյանը, մահացել է 2007 թվականին։

Tekali Taxi