Home / Հայաստան / Կաթ մթերողները նվազեցնում են մթերման գինը, գյուղացիները խուճապի են մատնվել․ «168 ժամ»

Կաթ մթերողները նվազեցնում են մթերման գինը, գյուղացիները խուճապի են մատնվել․ «168 ժամ»

Կաթ մթերողները Վարդենիսի տարածաշրջանի գյուղացիներից այլևս կաթ կամ չեն մթերում կամ մթերման գները խիստ նվազեցնում են: Այս մասին Վարդենիսի գյուղերի բնակիչներից ահազանգ է ստացել «168 ժամ» պարբերականը։

«Գյուղացին խուճապի է մատնվել՝ չիմանալով՝ ինչպես վարվել այս իրավիճակում: Եթե նախկինում տարվա այս եղանակին նրանք մթերում էին 1 լիտրը 180 դրամով, այսօր նրանք գյուղացուն ստիպում են վաճառել 90-100 դրամով», ֊ գրում է թերթը:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը պարբերականի հետ զրույցում հաստատել է լուրը՝ ներկայացնելով գների նվազման պատճառը. «Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում ներկրվել է շատ էժան կաթի փոշի: Սա ակնհայտ խաբեություն է սպառողի նկատմամբ, որովհետև կաթնամթերք արտադրող շատ ընկերություններ գովազդում են իրենց «անարատ» կաթը, բայց բանից պարզվում է՝ այսօր Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի և այդ կաթի փոշով բիզնես են անում, որն ավելի շահութաբեր է:

Ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ»:

Թերթը նշում է, որ գյուղացիները ստիպված սկսել են համատարած մորթել անասուններին։

«Սպանդը սկսել ենք, անասնագլխաքանակը պակասեցնում ենք: Եթե մի տարի այսպես շարունակեն՝ ահագին կպակասի: Ես արդեն 10 անասուն եմ մորթել»,- «168 ժամ»֊ի հետ զրույցում ասել է ֆերմերներից մեկը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi