Home / Հայաստան / Հայաստանի համար բարդ էր անկախացումից հետո խուսափել նեոգաղութացումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի համար բարդ էր անկախացումից հետո խուսափել նեոգաղութացումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի անկախացումից հետո երկրի համար նեոգաղութացումից խուսափելը և ինքնիշխանությունը պահպանելն ավելի բարդ էր, քան անգամ Երկրորդ համաշխարհայինից հետո ապագաղութացած երկրների համար Աֆրիկայում, Ասիայում և այլուր: Այս մասին «Սոցիոսկոպ» ՀԿ֊ի կրթական ծրագրի շրջանակներում կարդացած դասախոսությունում նշել է մշակութաբան Հրաչ Բայադյանը։ Ըստ նրա՝ նեոգաղութացմանը դիմակայելը Հայաստանի համար ավելի դժվար է՝ հաշվի առնելով նաև ոչ կայացած պետականությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն անկախացումից հետո մտել է մի շարք միջազգային կառույցների մեջ, ինչը նաև ինքնիշխանության որոշակի կորուստ է։

«Երկրորդ համաշխարհայինից հետո տասնյակ երկրներ Աֆրիկայում և Ասիայում ստացան անկախացում, այսինքն՝ տեղի ունեցավ ապագաղութացում, սակայն այս հասարակությունները ճաշակեցին անկախության թունավոր պտուղը: Եթե դուք լսեք հայ դիսիդենտների տեքստերը, այնտեղ էլ չես տեսնում՝ ինչ պետք է անել անկախությունից հետո»,- ասել է Բայադյանը:

Նեոգաղութացման շրջանում, բացի հին գաղութարարներից, որոնք տարբեր են տարբեր երկրների համար, ի հայտ եկան նաև խոշոր պետություններ, օրինակ, ԱՄՆ-ն, որը թեև գաղութարար չէր դասական իմաստով, սակայն շատ հստակ իմպերիալիստական տարրեր ուներ: Մշակութաբանի խոսքով՝ նեոգաղութացման մեջ կարևոր դեր ունեն այսպես կոչված «կոմպրադորները», ովքեր այս կամ այն առումով մասնակցում էին իրենց երկրների գաղութացմանը․ դրանք նոր էլիտաներն են, որոնց միջոցով գաղութարարները կարողանում էին ազդեցության տակ պահել երրորդ աշխարհի պետությունները և հասարակությունները:

«Մարքսիզմում «կոմպրադոր» բառը օգտագործվել է հղելու համար այն տեղական բուրժուազիային, որն իր արտոնյալ դիրքի համար պարտական է օտարերկյա մոնոպոլիստներին և դրանով իսկ շահագրգռված է գաղութային կարգի պահպանմամբ: Հետգաղութային տեսության մեջ սա վերաբերում էր նաև ոչ միայն տնտեսական, այլև մտավորական կոմպրադորներին: Բոլորս այս կամ այն չափով կոմպրադոր ենք: Գաղութային վիճակում հնարավոր չէ ասել հստակ, թե ով այս կամ այն շահին է ծառայում: Մենք կոմպրոմիսների մեջ ենք: Ամբողջ խնդիրը սահմաններ դնելու մեջ է»,- ասել է Բայադյանը:

Մշակութաբանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, թե ինչպես է նեոլիբերալիզմի համատեքստում երկրների մեջ դրվում զարգացած և զարգացող երկրներ տարբերակումը. դրանց մեջ իբր չկա անհաղթարահելի անջրպետ, զարգացող պետությունները ևս կարող են մի օր դառնալ զարգացած:

«Կախվածության տեսությունն ասում է, որ սա միֆ է, որ ամեն ինչ կառուցված է հենց էսպես թողնելու համար: Մեզ ներշնչում են, որ մենք կարող ենք զարգանալ, բայց զարգացած երկրները մեր զարգացող լինելու հաշվին են [այդպիսին]»,- ասել է Բայադյանը:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ 1980-ից 1990 կամ 1992֊ն ընկած ժամանակահատվածում աղքատ երկրները հարուստ երկներին վճարել են 450 միլիարդ դոլար ավել, քան ստացել են որպես օգնություն՝ վարկ կամ այլն:

«Սա նշանակում է՝ ինչ կարիք կա պատերազմ անել, եթե կարելի է բարեկիրթ ձևերով ստանալ ավելի մեծ շահույթ: Նեոգաղութացումը ավելի էֆեկտիվ է, քան բուն գաղութացումը»,- ասել է Բայադյանը:

Դասախոսության ամբողջական տեսանյութը․

Լուսանկարը՝ actv.am

Tekali Taxi