Home / Տեսանյութեր / Ընդգծված տղամարդակենտրոն քաղաք․ գյումրեցի կանանց խնդիրների մասին

Ընդգծված տղամարդակենտրոն քաղաք․ գյումրեցի կանանց խնդիրների մասին

Կանանց իրավունքների ոտնահարման` Հայաստանում տարածված հանգամանքներին, ինչպիսին են դատարանների և ոստիկանության կանխակալ վերաբերմունքը կնոջ հանդեպ և իրավագիտակցության պակասը, Գյումրիում գումարվում են այլ հանգամանքներ ևս, որոնք իրավիճակն էլ ավելի են բարդացնում։ Հայրիշխանական հասարակության պահպանմանը նպաստող այդպիսի հանգամանքներից է քաղաքի տղամարդկանց արտագաղթի մեծ թափը և քաղաքում հաստատված կրիմինալ բարքերը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Արևամանուկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Գմյուր֊Կարապետյանը՝ հավելելով, որ արդյունքում Գյումրին դարձել է ընդգծված տղամարդակենտրոն քաղաք։

Գմյուր֊Կարապետյանը տեղեկացրել է, որ իրենք Գյումրիում զբաղվում են հիմնականում հոգեկան առողջությամբ, սակայն Կանանց աջակցման կենտրոնի հետ համատեղ մեկ տարի է՝ իրականացնում են «Ընտանեկան բռնություն» ծրագիրը, որին դիմել է ընտանեկան բռնության 24 զոհ և ստացել հոգեբանական, սոցիալական, իրավաբանական աջակցություն։

«Գյումրիում արտագաղթը մեծ է։ Հայրերի բացակայությունը թեկուզ ոչ ընդմիշտ, այլ տարվա մեծ մաս, անդրադառնում է երեխաների հոգեբանության վրա՝ կարոտ, անպաշտպանության զգացում, տագնապ է հարուցում։ Ամուսինների բացակայությունն անդրադառնում է նաև կանանց վրա։ Երիտասարդ կանայք տարվա մեջ մեկ ամիս են իրենց ամուսիններին տեսնում, նրանք ևս անպաշտպան են իրենց զգում», ֊ ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր խնդիրը քաղաքում տարածված կրիմինալ բարքերն են։

«Վերջին 15-16 տարին քաղաքն ապրում է կրիմինալ կարգերի մեջ, ինչը պայմանավորված է մեր նախկին քաղաքային իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Դա կարճ ժամանակում հաղթահարվող հարց չէ։ Եթե քաղաքի վերնախավը չի խրախուսում օրենքի գերակայությունը, այլ նախընտրում է կլանային, հակաօրինական ապրելակերպը, այդ արժեքներն են տարածվում ողջ հասարակության մեջ։ Եթե տղաները տեսնում են, որ իրենց հայրերը «ռազբորկա» (կամ կրիմինալ հարաբերությունների ցանկացած այլ դրսևորում) են անում, իրենք էլ են նույնը անում։ Հաճախ ենք լսում լուրեր, թե թաղամասերից մեկում տանը դիակ է հայտնաբերվել, կրակոցներ են եղել, սպանություն է եղել և այլն։ Կրիմինալն էլ ավելի է ամրապնդում հայրիշխանությունը, նպաստում նրան, որ կնոջ դերակատարությունը աննախադեպ սահմանափակված է»,֊ ասել է Արմինե Գմյուր֊Կարապետյանը։

Նրա խոսքով՝ գյումրեցիները կարոտով են հիշում ժամանակները, երբ քաղաքում երեկոյան ժամերին կարելի էր տեսնել նաև զբոսնող աղջիկների, կանայք ավելի ակտիվ սոցիալական կյանքով էին ապրում․ «Այսպես չի եղել իմ երիտասարդության տարիներին»։

Փորձագետի խոսքով՝ հին գյումրեցիների մեծ մասը հեռացել է քաղաքից, գյուղերից Գյումրի հոսքը մեծացել է, արդյունքում՝ մնացել է միայն ճոռոմախոսությունը գյումրեցիների մասին, ինչը դրական չի անդրադառնում երիտասարդների ձևավորման վրա։  

Tekali Taxi