Home / Տեսանյութեր / Էլէներգիայի գինը կբարձրանա, որոշել է Հանձնաժողովը․ շենքի ուղղությամբ ձվեր էին շպրտում (ՎԻԴԵՈ)

Էլէներգիայի գինը կբարձրանա, որոշել է Հանձնաժողովը․ շենքի ուղղությամբ ձվեր էին շպրտում (ՎԻԴԵՈ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր այսօրվա նիստում միաձայն քվեարկությամբ որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի գինը բարձրացնել 6.93 դրամով։ Ըստ այդմ, օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի 1 կիլովատի ցերեկային սակագինը բնակչության համար կազմելու է 48,78 դրամ։ Նիստին ներկա քաղաքացիները որոշումը հրապարակելուց հետո սկսել են վանկարկել «Ամոթ», «Դուք ռուսամետ եք»։

Նշենք, որ ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»֊ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը Հանձնաժողովին խնդրել էր սակագինը բարձրացնել 17 դրամով։

Քննարկմանը զուգահեռ ՀԾԿՀ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մոտ 3 տասնյակ քաղաքացիներ։ Նրանց ավելի մեծ թվով ոստիկաններ էին հսկում։ Ակցիայի մասնակիցները պահանջել են դադարեցնել հարցի քննարկումը և կոչ են արել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին միջազգային աուդիտ հրավիրել՝ բացահայտելու, թե ինչպես է կուտակվել ՀԷՑ-ի 23.4 միլիարդ դրամի պարտքը, որը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկն է: Հավաքվածները ձվեր են շպրտել Հանձնաժողովի գրասենյակի ուղղությամբ, ոստիկանների և մարդկանց միջև ընդհարում է սկսվել, մոտ 10 րոպե տևած քաշքշուկից հետո կրքերը հանդարտվել են։ Մի քանի մարդ բերման է ենթարկվել։ Բախումների ընթացքում վնասվել է news.am կայքի լրագրող Աիդա Հովհաննիսյանի ձեռքը․ նրան ակցիայի վայրից տարել է շտապ օգնության մեքենան։

Միջոցների կորստի հարցը Հանձնաժողովի գրասենյակում քննարկման ժամանակ բարձրացրել են նաև նիստի մասնակիցները: Ռոբերտ Նազարյանն ասել է, որ այդ կորուստներում ՀԷՑ֊ը մեղքի բաժին չունի։

«Այդ կորստի պատճառները ՀԷՑ-ի հետ կապ չունեն: Մենք թվարկում ենք երեք պատճառ՝ 2013 թվականին սակավաջրություն, դրան գումարվեց Ատոմակայանի 88 օրից ավելի կանգնելը, 2014-ին՝ դարձյալ սակավաջրություն: Թվարկածս և այլ պատճառների արդյունքում ունեցանք այդ 37 միլիարդ վնասը, մի մասը վճարվել է, տակը մնացել է 23.4 միլիարդը», – ասել է Նազարյանը:

Նա ասել է նաև, որ ՀԷՑ֊ի տնօրեն Եվգենի Բիբինը երեկ գրություն է ուղարկել, որով զգուշացրել է Նազարյանին, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկանա, հնարավոր է Հայաստանում անխափան էլեկտրաէներգիա չունենանք:

Հանձնաժողովի ղեկավարը, իր հերթին, քննադատել է ՀԷՑ-ին այն բանի համար, որ ընկերությունը նիստին ներկայացուցիչ չի ուղարկել։

«Մեզ պարոն Բիբինը մեղադրում է ոչ համակարգային մոտեցում ցույց տալու մեջ: ՀէՑ-ը պահանջում էր 17 դրամ թանկացում, որից միայն 10 դրամն էր իրեն վերաբերում: Մենք այդ 10 դրամին հավանություն չենք տվել և հիմնավորվել ենք՝ ինչի չենք ընդունել: Ես չեմ ուզում գնահատական տալ, բայց առաջին անգամն է, որ լիցենզավորված ընկերությունը հայտ է ներկայացնում ՀԾԿՀ-ին և չի մասնակցում նիստին, 17 դրամի հայտ է ներկայացնում ու չի մասնակցում նիստին: Այլ բառեր չեմ ուզում ընտրել, որովհետև ցանկացած բառ կարող է մեղմ լինի, իսկ այլ բառեր եթե ընտրեմ, կարող է մի քիչ ոչ պարկեշտ լինի», – ասել է Ռոբերտ Նազարյանը:

Պաշտոնյան ասել է, որ Բիբինը հանձնաժողովի հետ խոսում է շանտաժի լեզվով, ինչն անընդունելի է:

Tekali Taxi