Home / Տեսանյութեր / Բաղրամյան պողոտայում ոստիկանները փորձում էին ապամոնտաժել բարիկադները

Բաղրամյան պողոտայում ոստիկանները փորձում էին ապամոնտաժել բարիկադները

10։00 Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները ոստիկաններից պահանջել են փաստաթղթեր ներկայացնել «Սանիտեք» ընկերության բողոքի և քրեական գործի հարուցման վերաբերյալ։ Այժմ ցուցարարները շարունակում են մնալ բարիկադների մոտ և սպասել ոստիկանների պատասխանին։

08.15 Բաղրամյան պողոտայի սկզբնամասում սկսվել է էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների կողմից օրեր առաջ տեղադրված աղբամանների (փոքր բարիկադներ) ապամոնտաժումը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին է ներկայացրել մի քննիչի, ով տեղեկացրել է, թե քրեական գործ է հարուցվել  ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու հոդվածով:

«Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ: Քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավման մասին: Մասնավորապես, առգրավման է ենթակա «Սանիտեկ» ընկերությանը պատկանող, տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները: Ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին չխոչընդոտել քննչական գործողություններին»,-ասել է քննիչը:

Որոշ մարդիկ բարձրացել են աղբամանների վրա, փորձում թույլ չտալ դրանք տանել, ներկաները գոռում են «Ամոթ, ամոթ»։ Ցուցարարները պահանջում են ոստիկաններից գույքի առգրավման մասին քննիչի որոշումը  իրենց ցույց տալ։

baricades1

07։00 Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մոտ 2 հազար քաղաքացիներ գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։ Ոստիկանները գործողությունների փորձ չեն արել․ նրանք բարձրախոսով մի քանի անգամ կոչ են արել լռություն պահպանել և չխախտել համակեցության կանոնները, չնայած մարդիկ առանձնակի չէին աղմկում։

Առավոտյան 06։15-ի սահմաններում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջայց է կատարել նստացույցի վայրում, որից հետո նա լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե գիշերվա ընթացքում խախտվել են  համակեցության կանոնները՝ ցուցարարներն օգտագործել են ալկոհոլային խմիչքներ, մասնավորապես, գարեջուր։ Այս դիտարկմանը ցուցարարներից մեկը պատասխանել է․ «Պարոն Օսիպյան, մենք էլ, դուք էլ լավ գիշեր անցկացրեցինք,  շնորհակալություն»։

Շրջայցի ժամանակ Օսիպյանին է մոտեցել Չարենցավանի բնակիչ Վարդան Մակինյանը (ներքևի լուսանկարում), ով պատմել է, որ ոստիկաններն իրեն ապօրինաբար, քաշքշելով բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։

baghramyanman1

«Մեքենայում ասեցին, որ ես իմ գրպանները դատարկեմ։ Դրանից հետո հեռախոսս և ջեբիս գումարը հանեցի, դրեցի այնտեղ, հեռախոսս վերցրեց էդ մեկը, սկսեց քաշքշել, գումարը թափվեց մեքենայի մեջ»,֊պատմում էր տղամարդը․ Այդ պահին Օսիպյանն ընդհատել է տղամարդուն՝ ասելով․ «Ձեզ որ խնդրեմ, հետո կմոտենա՞ք»․

Տղամարդը, սակայն, շարունակել է․ «Արդյունքում 18.000 դրամ կորել է։ Ես հենց հիմա դիմում եմ գրում ոստիկանապետին։ Տարել են ոստիկանություն, ոչ մի թուղթ ոչ գրել եմ, ոչ ստորագրել եմ, ոչ արձանագրություն են կազմել։  Հենց հիմա 5 հոգի ոստիկանությունում կա, իրենք ապօրինի են այնտեղ»,֊ ասել է նստացույցի մասնակիցը։

Օսիպյանը հորդորել է գողանալու մասին հայտարարություններ չանել, եթե ինչ֊որ կորուստ կա, դիմել ոստիկանություն։

Ոստիկանի հետ զրույցից հետո տղամարդը խոսել է լրագրողների հետ։ Նա ասել է, որ իրեն տարել են Ազատություն հրապարակից երեկ երեկոյան 23.00֊ի սահմաններում և բաց են թողել քիչ առաջ՝ 06.00֊ի սահմաններում։ Նրա խոսքով՝ իրեն բերման ենթարկելիս ոստիկանները ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել, պարզապես մի ոստիկան է մոտեցել ու ասել․ «Եկեք մի րոպե առանձին, բան եմ ասում»։

«Ես գումարը մեքենայից փորձել եմ հավաքել, կեսը չեն թողել հավաքեմ։ Հիմա դա կորցնե՞լ է, թե՞ գողանալ», ֊ ասել է նա։

Tekali Taxi