Home / Հայաստան / ԱԺ֊ն որոշեց ՌԴ֊ից 200 մլն դոլար վարկ վերցնել զենք գնելու համար (թարմացված)

ԱԺ֊ն որոշեց ՌԴ֊ից 200 մլն դոլար վարկ վերցնել զենք գնելու համար (թարմացված)

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որին ներկայացվել է Ռուսաստանից 200 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ վերցնելու նախագիծը: Համաձայն նախագծի՝ Հայաստանը վարկը ծախսելու է ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերելու համար, ընդ որում՝ միմիայն ռուսական:

ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարել է, որ այս վարկով ձեռք է բերվելու նորագույն տեխնիկա, որի մի մասը մասնակցել է մայիսի 9-ի Մոսկովյան շքերթին:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով վարկին, ասել է, որ պայմանագիրն ունի դաժան պայմաններ Հայաստանի համար:

«ժամկետանց լինելու դեպքում պարտքը դառնում է  համախմբված վարկ, և ռուսական կողմը ստանում է իրավունք պահանջելու ամբողջ վարկը: Սա դաժանություն է: Երկրորդ՝ երբ վարկը դառնում է ժամկետանց, դրա տոկոսը 3-ից դառնում է 4.5: Երրորդ հարց՝ զինատեսակներ կան, որ դեռ 1 տարուց նոր սարքվելու են, բայց վարկի տոկոսները հաշվարկվում են  այսօրվանից: Ընդամենը հարցնում եմ՝ հաշվարկե՞լ եք՝ ինչքան վնասներ ենք կրում»,- ասել է Հրանտ Բագրատյանը:

Նազարյանը պատասխանել է, որ վարկում որևէ «դաժանություն» չկա, և Ֆինանսների նախախարությունը տվել է իր դրական կարծիքը․ «Առանց հաշվարկներ անելու պարզ է, որ մենք վնասներ չենք կրելու»։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս վարկային պայմանագիրը Հայաստանի համար ստորացուցիչ է համարել։ Հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանը, պատգամավորի հարցին, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, եթե Ռուսաստանը Ադրեջանին կրկին զենք վաճառի, չի պատասխանել, փոխարենը՝ պատգամավորին հորդորել է «զուսպ լինել»:

Նածագիծն ԱԺ֊ի կողմից ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 98 կողմ, 1 դեմ (Զարուհի Փոստանջյան)։ 32 պատգամավոր քվեարկությանը չի մասնակցել։

Tekali Taxi