Home / Հայաստան / Ինչպես է Չինաստանը Հարավային Կովկասում խուսափում թակարդներից

Ինչպես է Չինաստանը Հարավային Կովկասում խուսափում թակարդներից

Չինաստանն ամրապնդում է կապերը երեք հարավկովկասյան երկրների հետ՝ խուսափելով ավանդական աշխարհաքաղաքականության թակարդներից։ Ընդ որում, երկրին հաջողվում է դա անել՝ չառաջացնելով այդ գոտում ազդեցության հավակնող տարածաշրջանային գերտերությունների դժգոհությունը։ Այս մասին ֆրանսիական «Le Huffington Post»֊ում գրում է Հարավարևմտյան Ասիայի ու եվրասիական աշխարհաքաղաքականության հարցերով վերլուծաբան Դիդյե Շոդեն։

֊ Հայաստանի դեպքում կարելի է խոսել նույնիսկ երկկողմ բարեկամության մասին։ Դա փայլուն երևաց երկրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ այս տարվա մարտի 24֊ից 26֊ը Չինաստան կատարած այցից, որի ժամանակ հայերը ստորագրեցին փոխադարձ ռազմական աջակցության մասին կետ պարունակող անվտանգության համաձայնագիր։ Ի հավելումն, Երևանը պաշտոնապես համաձայնեց մասնակցել նոր «Մետաքսե ճանապարհի» նախագծին։ Այդ բարեկամությունն էլ ավելի ամրացրին չինական ներդրումներն ու հայկական տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող որոշումները։ Այսպես, Չինաստանը որոշեց միջոցներ ներդնել ՋԷԿ֊ի վերանորոգման ու վերակառուցման մեջ։ Բացի դրանից, երկիրը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ու իրանյան նավահանգիստների միջև երկաթուղային հաղորդակցության զարգացման նկատմամբ, որը Հայաստանին դուրս կբերեր մեկուսացումից ու Թուրքիային ու Ադրբեջանին կզրկեր վաղեմի թշնամու վրա ճնշման հզոր լծակից։

Չինաստանի հետ լավ երկկողմ հարաբերությունները Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեն․ տնտեսության վիճակը բարդ է, իսկ Պեկինի նման ներդրողը կարող է արմատապես փոխել հավասարակշռությունը։ Ընդ որում, Պեկինի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը (դրանք գոյություն ունեն ու զարգանում են 1996֊ից սկսած) կարող է այդ կովկասյան պետությանն օգնել դուրս պրծնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ճանկերից այնպես, որ [Ռուսաստանն] իր համար սպառնալիք անգամ չզգա։ Մոսկվան ակտիվորեն խաղում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության վրա, իսկ Բաքվին ռուսաստանյան զենքի վերջին վաճառքը Երևանին ակնհայտորեն դուր չեկավ։ Արդյունքում, Չինաստանի հետ մերձեցումը Հայաստանին թույլ կտա իրեն ավելի վստահ զգալ՝ առանց Կրեմլին երկմտանքի առիթ տալու։

Այնուամենայնիվ, չինական դիվանագիտությունը հարաբերություններ է հաստատում ոչ միայն Երևանի հետ․ վերջին տարիներին երկրին հաջողվել է սերտ հարաբերություններ հաստատել նաև Ադրբեջանի հետ։ Ընդ որում, դրան հասնելն այդքան էլ հեշտ չէր․ Բաքվում չեն մոռացել՝ ինչպես 2008 թվին Պեկինը հրաժարվեց ՄԱԿ֊ում աջակցել [Ադրբեջանի] բանաձևին՝ հայաստանյան զորքերը օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս բերելու վերաբերյալ։ Այդուհանդերձ, Չինաստանը ցույց տվեց, որ տարածաշրջանի «ճամբարներից» որևէ մեկին չի հարում՝ նախընտրելով երկաթուղային նախագիծն Ադրբեջանում, Վրաստանում ու Հայաստանում հայաստանյան այլընտրանքին․ առաջինն իրենից ներկայացնում է տարեկան 20 միլիոն տոննայի տրանզիտ, մինչդեռ երկրորդն ընդամենն անպտուղ երևակայություն է 1993֊ին հայ֊թուրքական սահմանի փակումից ի վեր։ Բացի դրանից, տնտեսական հետաքրքրությունը թույլ է տալիս արագ մոռանալ մանր֊մունր դիվանագիտական տարաձայնությունները․ 2013 թվականի սկզբին չինական ներդրումներն Ադրբեջանում կազմեցին առնվազն մեկ միլիարդ դոլար։ Դա փոքր ներդրում չէ, ընդ որում՝ առանց երկրում ներքաղաքական իրավիճակի՝ Արևմուտքին բնորոշ քննադատության։ Չինացիները, ինչպես ամենուր, խստագույնս հետևում են տարածաշրջանի պետությունների ներքին գործերին չմիջամտելու տրամաբանությանը։ Ադրբեջանում ու հարևան երկրներում դա անփոփոխ կերպով ընկալվում է որպես հարգանքի նշան, ինչն այդքան տարբերվում է Եվրոպայի ու Ամերիկայի մեծամտությունից։ Հարկ է նաև նշել՝ ներդրումները, որոնք, բնականաբար, ուղղված էին ադրբեջանական նավթի վրա, միայն դրանով չսահմանափակվեցին․ ինչպես Հայաստանում, չինացիները կիրառում են իրենց գիտելիքները նաև ՋԷԿ ոլորտում։

Չինաստանն այսօր Թբիլիսիի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է՝ Թուրքիայից ու Ադրբեջանից հետո։ Վերջին չորս տարվա ընթացքում ներդրումներն էականորեն աճել են, ինչն, ընդ որում, միայն ճանապարհի սկիզբն է։ Չինացիները հետաքրքրություն են ցուցաբերել տրանսպորտի, էներգետիկայի ու առողջապահության վերաբերյալ։ Վրացիներն, իրենց հերթին, անում են ամեն հնարավորն՝ իրենց համար աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող մերձեցմանը նպաստելու համար։

Հարավային Կովկասում չինական քաղաքականության ուժը կայանում է նրանում, որ այդ երկրին սպառնալիք չեն համարում տարածաշրջանային գերտերությունները (Իրան, Թուրքիա, Ռուսաստան)։ Վերջիվերջո, Չինաստանը տարածաշրջան բերում է ֆինանսավորում, որն ի վիճակի չէ տրամադրել իրենցից և ոչ մեկը, ինչպես նաև՝ բոլորին ներգրավող աշխարհաքաղաքական նախագիծ։ Դա վստահություն է ներշնչում Իրանին ու Ռուսաստանին, որոնք Թուրքիայի ուժեղացումն ու ԱՄՆ֊ի գործունեությունը տարածաշրջանում ընկալում են որպես վտանգի աղբյուր։ Երկու ճամբարներն էլ (կոպիտ ասած՝ ամերիկամետ ու հակաամերիկամետ) ակտիվորեն միմյանց մեղադրում են նեոիմպերիալիզմի մեջ։ Դրանից խուսափել դեռևս հաջողվում է միայն չինական քաղաքականությանը։   

Tekali Taxi