Home / Տեսանյութեր / Ծեծից հետո մահացած ազատամարտիկի գործով նիստին մեղադրյալները չէին ներկայացել

Ծեծից հետո մահացած ազատամարտիկի գործով նիստին մեղադրյալները չէին ներկայացել

2014 թվականի հուլիսի 13-ին ծեծի ենթարկվելուց մեկ օր անց մահացած ազատամարտիկ, «Սուրմալու» գումարտակի անդամ Վարդան Թումանյանի գործով երկրորդ դատական նիստին առաջինի օրինակով չէին ներկայացել ստորագրության դիմաց ազատ արձակված մեղադրյալներ Սարգիս Ղուկասյանը և նրա քեռին՝ Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը:

Դատարանը չէր ստացել բացակայելու մասին որևէ հիմնավորում, նրանց պաշտպան Կարեն Մկրտչյանը հայտնել է, որ ամբաստանյալները թունավորվել են, հիվանդանոցում են։

Մահացած ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, սակայն, հայտնել է դատարանին, որ իր տեղեկություններով Ջունգլը վթարի է ենթարկվել և ստացել է մարմնական վնասվածքներ:

Դատախազ Ալեքսանդր Ազարյանը միջնորդել է դատարանին բերման ենթարկելու որոշում կայացնել: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասել է, որ բերման ենթարկելու որոշում կկայացնի, եթե հաջորդ նիստին էլ ամբաստանյալները չգան:

Հաջորդ նիստին դատարանը կանդրադառնա նաև տուժողի իրավահաջորդ Տանյա Մելքումյանի ներկայացուցչի միջնորդությանը, որով պահանջվում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել:

«Մենք գործում ունեք երկու փորձաքննություն՝ մեկը մյուսին հակասող: Մեկը դատաբժշկական, մյուսը՝ հանձնաժողովային: Համաձայն մեկի՝ Թումանյանը մահացել է ծեծի հետևանքով, համաձայն մյուսի՝ բնածին արատ ուներ: Մեր քրեադատավարական օրենսգիրքը պահանջում է, որ փորձագետի եզրակացության մեջ պետք է նշվի մեթոդիկան, ինչը չէր արվել: Բացի դատարանին կրկնակի փորձաքննության համար դիմելուց, մենք դիմել ենք նաև արտասահմանյան փորձագիտական խմբի: Արտասահմանից դեռևս գրավոր կարծիք չենք ստացել, բայց բանավոր ասել են, որ աբսուրդ է, թե մահը կարող է մեկնաբանվել որպես բնածին արատի հետևանք: Նույնիսկ խնդրել են նորից նյութերը ուղարկենք, քանի որ չէին հավատում, որ այսպես է գրված»,- ասել է Թումանյանի ընտանիքի փաստաբան Տիգրան Մուրադյանը:

Նա նաև հայտնել է, որ կողմը չի ստացել նախաքննությունն ավարտված լինելու մասին որոշումը: Նախագահողն ասել է, որ կողմը կարող է գործի բոլոր նյութերին ծանոթանալ նաև դատավարության փուլում: Գործով հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ մահը որպես բնածին արատ որակած փորձաքննությունից հետո մեղադրանքը վերաորակվել է. մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մեղադրանքը քննության կողմից փոխվել է, և այժմ ամբաստանյալները մեղադրվում են առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ։ Դրա հետևանքով մեղադրյալները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը պնդում է, որ նման եզրակացության հնարավոր էր հասնել միայն մեծ գումար վճարելու միջոցով։ Նա ասել է, որ նախաքննության փուլում իրենք բազմիցս լսել են պաշտպանական կողմի պնդումները, թե մեղադրյալներին դատել չեն կարող, քանի որ «իրենց մեջքին կանգնած է «Ջավախքը»» (նկատի ունեն «Ջավախք» հայրենակցական միությունը)։ Մարիետա Թումանյանն ընդգծում է, որ մինչ կալանավորներին ազատելն իրենք, այնուամենայնիվ, հավատում էին արդար դատավճռի հասնելուն, սակայն այժմ կարծիքը փոխել են:

Tekali Taxi