Home / Հայաստան / Դատավորը որոշել է խստացնել մեղադրողի պահանջած պատիժը

Դատավորը որոշել է խստացնել մեղադրողի պահանջած պատիժը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը (լուսանկարում), դուրս գալով մեղադրյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքի շրջանակներից, նրան ոչ միայն մեղավոր է ճանաչել գողության երկու դեպքի և ավազակային հարձակման մեջ, այլև հայտարարել է, որ մեղադրյալ Արգիշտի Սարիբեկյանը եղել է հանցագործությունների կազմակերպիչը: Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Սարիբեկյանի փաստաբան Ալվարդ Մնացականյանը։ Հունիսի 3-ին վճռի հրապարակման ժամանակ Վահե Խալաթյանը մեղադրողի միջնորդած 10 տարի ազատազրկմանն ավելացրել է ևս 2 տարի և Սարիբեկյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման՝ առանց ներկայացնելու ծանր պատիժ նշանակելու հիմքերը:

Համաձայն գործի նյութերի, գողությունները կատարվել են երկու գյուղերի գյուղապետարաններից, իսկ ավազակային հարձակման ժամանակ երիտասարդները մտել են Ելենա Շիրվանյանի և Ռաֆայել Թևոսյանի տուն։

Սարիբեկյանի հետ միասին ավազակային հարձակում և երկու գողություն կատարելու մեջ մեղավոր են ճանաչվել ևս 3 հոգի, ովքեր ստացել են 8-ից 10 տարի ազատազրկման ժամկետներ, թեև նրանք փոխհատուցել էին երկու գյուղապետարաններից գողացված համակարգիչների համար, և տուժողների կողմից բողոքներ չկային: Արգիշտի Սարիբեկյանը չի ընդունում, որ մասնակցել է գողություններին ու հարձակմանը: Նա հիմնականում բնակվել է Ռուսաստանում, Հայաստան էր եկել կարճ ժամանակով և բերման է ենթարկվել Ռուսաստան վերադառնալու ճանապարհին: Ընդ որում՝ Սարիբեկյանին ասել են, որ պետք է ներկայանա բաժին ինչ֊որ բանկային պարտավորության համար, սակայն բաժնում նրան կալանավորել են:

Ալվարդ Մնացականյանը նշել է, որ Սարիբեկյաին մեղադրանք են առաջադրել գործով անցնող ամբաստանյալ, անչափահաս Կարեն Խաչատրյանի ցուցմունքի հիման վրա, ով ասել է, թե Սարիբեկյանն իրենց հետ գողություն է կատարել: Խաչատրյանը ցուցմունք է տվել առանց ծնողի կամ ուսուցչի ներկայության: Այլ ապացույցներ չկան: Սարիբեկյանի դեմ նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել նաև մեկ այլ կասկածյալ Գրիգոր Ներսիսյանը, ով հետագայում քննիչից պահանջել է իրեն փաստաբան տրամադրել և վերջինիս ներկայությամբ արդեն հրաժարվել է այդ ցուցմունքից՝ ասելով, որ Սարիբեկյանին չի ճանաչում:

Փաստաբանի խոսքով՝ դատավոր Խալաթյանը ողջ դատավարության ընթացքում մերժել է իր բոլոր միջնորդությունները և չի ապահովել կողմերի մրցակցությունը՝ պաշտպանության կողմին այդ կերպ զրկելով որևէ ապացույց ներկայացնելու հնարավորությունից:

Մասնավորապես, Մնացականյանը նշել է, որ դատարանը չի ընդունել անչափահասի ուսուցչուհուն, ինչպես նաև միակ վկա Կարեն Ենգիբարյանին հարցաքննելու միջնորդությունը: Դատարանը նաև գնահատական չի տվել այն փաստին, որ երեք մեղադրյալների՝ գողոնի իրացման մասին հեռախոսազրույցների վերծանումներում երբեք չի տրվել Սարիբեկյանի անունը: Դատարանում նաև չեն ուսումնասիրվել դեպքի վայրի զննության տեսանյութերը, ինչը փաստաբանը նույնպես խախտում է համարում, ինչպես նաև դատարանում չեն հետազոտվել տուժողների նախաքննական ցուցմունքները:

Նախաքննության ընթացքում տուժողները քննիչի հորդորով ցուցմունք են տվել, որ իրենց տուն մտել է 4 հոգի, մինչդեռ դատարանում հայտնել են, որ իրենց տուն իրականում մտել են 3-ը:

Այժմ ավազակային հարձակման և երկու դրվագով գողության գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում: Նախորդ նիստին դատարանը բավարարել էր Կարեն Ենգիբարյանին հարցաքննելու մասին Ալվարդ Մնացականյանի միջնորդությունը: Հաջորդ նիստին միակ վկային բերման են ենթարկելու՝ ցուցմունք տալու համար։

Լուսանկարը՝ hra.am

Tekali Taxi