Home / Հայաստան / Վրաստանում իշխող կոալիցիայից պահանջում են պատժել հայատյացություն դրսևորած պաշտոնյաներին

Վրաստանում իշխող կոալիցիայից պահանջում են պատժել հայատյացություն դրսևորած պաշտոնյաներին

Վրաստանում գործող «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպությունը հայատյացության դրսևորումներ է նկատել Խուլո քաղաքի քաղաքային խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի մեջ։

ՀԿ֊ն նշում է, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ոչ կառավարական իրավապաշտպան 9 կազմակերպություններ դիմել են երկրի Կառավարությանը Խուլո քաղաքի (իսլամացած վրացիներով և թուրքերով բնակեցված շրջան Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում) Քաղաքային Խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթին արձագանքելու կոչով:

«Փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո («Խուլո մունիցիպալիտետում կատարված աշխատանքի մասին հաշվետվություն»), պարզվում է, որ այնտեղ իրականում առկա են էթնիկ տարաձայնությունների հրահրում և հայատյացության նշաններ:

Տվյալ փաստաթղթում խոսվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մասին, որին ակնհայտ բացասական համատեքստում համարում են հայ:

«Այդ հայ Սահակը այնքան ուղեղ ունի, որ հեռվից նայի Զուրաբ Ժվանիայի սպանության գործին…», -ասված է փաստաթղթում:

Հարկ է նշել, որ այդ փաստաթուղթը ընդունվել է Խուլո մունիցիպալիտետի «Վրացական երազանք» խմբակցության անունից: Համապատասխանաբար, հենց իշխող կոալիցիան է կրում նման տեքստի հրապարակման պատասխանատվությունը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում իշխող կոալիցիայի ղեկավարությանը լուրջ կերպով հետաքննել տվյալ փաստը և տեղեկացնել երկրի հասարակությանը այն սանկցիաների մասին, որոնք կկիրառվեն կուսակցության տարածաշրջանային կառույցի ներկայացուցչության նկատմամբ, նման անընդունելի և երկրի համար վտանգավոր դիրքորոշման համար», ֊ ասված է ՀԿ֊ի հայտարարության մեջ:

Լուսանկարում՝ Խուլո, travelgeorgia.ru

Tekali Taxi