Home / Հայաստան / Բաղրամյան պողոտան կրկին փակ է․ ոստիկանությունը սպառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաղրամյան պողոտան կրկին փակ է․ ոստիկանությունը սպառնում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 11-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո հարյուրավոր մարդիկ երթ են սկսել՝ շարժվելով դեպի Բաղրամյան պողոտա։ Երթի ընթացքում նրանք վանկարկել են «Սերժիկ, սուտասան», «Չեղարկում»։ Ոստիկանները փորձել են կանգնեցնել երթի մասնակիցներին Ֆրանսիայի հրապարակի մոտ, սակայն, մարդիկ հեշտությամբ անցել են ոստիկանական պատը, իսկ ահա Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանների մեծ խումբ փակել է ճանապարհը ճիշտ նույն վայրում, որտեղ էլէներգիայի դեմ պայքարողները նստացույց էին կազմակերպել հունիս֊հուլիս ամիսներին։

Ոստիկանական մեծ թվով ուժեր արագ կուտակվել են այդ հատվածում։ Ոստիկանության ներկայացուցիչները բարձրախոսներով անընդհատ կոչ են անում հավաքվածներին ցրվել՝ նշելով, որ հավաքն ապօրինի է, հակառակ դեպքում սպառնալով ցրել մարդկանց։

Հավաքվածներն իրենց հերթին նշում են, որ ոստիկաններն իրենք են փակել պողոտան մինչդեռ մարդիկ պարզապես ցանկանում էին երթով անցնել Բաղրամյանով։ Երթի մասնակիցների պահանջները նույնն են՝ վերանայել էլէներգիայի սակագինը, ինչպես նաև պատժել այն բարձրաստիճան ոստիկաններին, ովքեր ղեկավարել են ոստիկանների գործողությունները հունիսի 23-ին, երբ վերջիններս, անհամաչափ ուժ կիրառելով, ցրեցին նստացույցի մասնակիցներին։

Կեսգիշերի դրությամբ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։

Tekali Taxi