Home / Տեսանյութեր / Ոստիկանությունը ցրեց Բաղրամյանում հավաքվածներին

Ոստիկանությունը ցրեց Բաղրամյանում հավաքվածներին

Սեպտեմբերի 12-ին վաղ առավոտյան՝ 05:20-ի սահմաններում, հարյուրավոր ոստիկաններ ցրել են մի քանի տասնյակ մարդկանց Բաղրամյան պողոտայից, որը երեկ երեկոյան փակել էին Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները: Մի քանի ժամվա ընթացքում մարդկանց թիվն ակնհայտորեն նվազել է, ոստիկանները նրանց ցրվելու ժամանակ են տվել մինչև 05:00-ն, որից հետո էլ սկսել են գործողությունը:

Մի քանի տասնյակ «Հրեշտակների» գումարտակի ոստիկաններ  շարք կազմած, «հեյ, հեյ»  վանկարկելով, մտել են ցուցարարների շարքեր (լուսանկարում)՝ կիսելով մարդկանց և նրանց տեղափոխելով դեպի մայթեր: Այնտեղից էլ իրավապահները ուժ կիրառելով՝ ցուցարարների ձեռքերը ոլորելով, սկսել են նրանց տանել դեպի ոստիկանական մեքենաներ: Բերման ենթարկվող ցուցարարներից ոմանք պահանջում էին չպատռել իրենց շորերը, չոլորել ձեռքերը:

Այդ ընթացքում վատացել է ցուցարար աղջիկներից մեկի ինքնազգացողությունը. նա կորցրել է գիտակցությունը և ոստիկանները սկսել են օգնություն ցույց տալ:

Նախնական տվյալներով բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարներին ցրելուց հետո Բաղրամյան պողոտայից սկսել են մաքրել ցույցի հետքերը՝ ոստիկանական ջրցան մեքենայի և աղբահանությամբ զբաղվող Սանիտեք ընկերության մեքենաների օգնությամբ:

Տեսանյութը` azatutyun.am

Հիշեցնենք, որ էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները Բաղրամյան պողոտան փակել էին երեկ երեկոյան՝ Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո: Սա արդեն երրորդ դեպքն է, երբ մարդկանց ցրում են պողոտայից: Նախորդ երկու անգամ դա տեղի էր ունեցել հունիսի 23-ին և հուլիսի 6-ին:

Tekali Taxi