Home / ԼԳԲՏ+ / Հրանտ Դինքի մրցանակը՝ կանանց և ԼԳԲՏ համայնքի իրավունքներով զբաղվող անձանց

Հրանտ Դինքի մրցանակը՝ կանանց և ԼԳԲՏ համայնքի իրավունքներով զբաղվող անձանց

Երեկ՝ սեպտեմբերի 15֊ին, Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի անվան մրցանակների շնորհումը։ Այս տարի ամենամյա մրցանակները շնորհվել են կանանց իրավունքների ակտիվիստ Սամար Բադաուիին Սաուդյան Արաբիայից և Թուրքիայում ԼԳԲՏ իրավունքներով զբաղվող «Քաոս ԳԼ» (Kaos GL) նախաձեռնությանը։

Ըստ «Հրանտ Դինք» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ Բադաուին իր երկրում կանանց իրավունքների առաջատար պաշտպաններից է, ինչպես նաև հայտնի է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ճնշումների մասին միջազգային իրազեկությունը բարձրացնելուն ուղղված իր գործունեությամբ։

«Քաոս ԳԼ» նախաձեռնությունը մրցանակն ստացել է Թուրքիայում ԼԳԲՏ իրավունքների իր հետևողական ու արդյունավետ պայքարի համար, որտեղ բռնությունը համայնքի ներկայացուցիչների նկատմամբ շարունակում է աճել։

Սամար Բադաուին չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխությանը երկրից դուրս գալու արգելքի պատճառով, և իրավապաշտպանի անունից մրցանակը «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքի կողմից ստացել է իրավապաշտպան Էլսա Սաադեն։ Իր ելույթում Սաադը խոսել է այն մասին, թե ինչպես է Սամար Բադաուին իր կյանքը վտանգում՝ պայքարելով մարդու հիմնարար իրավունքների համար։

«Քաոս ԳԼ» միության անունից մրցանակն ստացել է Ալի Էրոլը, ով իր ելույթում ասել է, որ նույնասեռականների ազատագրումը հասարակության ազատականացման նախապայմաններից է։ Նա նաև ընդգծել է խտրականության տարբեր ձևերի միջև կապը գտնելու կարևորությունը։ Պետական քաղաքականության միջոցով ինստիտուցիոնալացված ռասիստական ու ազգայնական դիսկուրսները, ըստ Էրոլի, ստեղծել են «ազգի թշնամիներ», և Թուրքիայում տիրող «կեղծ ազգային ամբողջականությունը կարող է միայն հաղթահարվել ազատության համար տարբեր պայքարների միջև կամուրջներ կառուցելով»։

2014 թվականին Հրանտ Դինքի անվան մրցանակը շնորհվել էր թուրք հասարակական գործիչ Շեբնեմ Քորուր Ֆինջանջիին և բրիտանացի ակտիվիստ, հասարակական գործիչ էնջի Զելթերին։  

Tekali Taxi