ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ֊լեյտենանտ Լևոն Երանոսյանին պատկանող խաղողի բերքն առանց հերթ է մթերվել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են խաղողագործները։ Նրանք նշել են, որ օրեր առաջ, երբ Արմավիրի մարզի Մյասնիկյանի գինու գործարանի հերթեր են կուտակված եղել, գործարանին մոտեցել են խաղողով բեռնված մի քանի բեռնատարներ, և աշխատակիցներին հրահանգել են բացել դարպասները, որովհետև «գեներալ Լյովա Երանոսյանի խաղողն է»։ Դարպասները բացվել են, և միայն այդ բեռնատարներն առանց հերթի ներս են մտել։
«Ժողովուրդ»֊ը փորձել է մեկնաբանություն ստանալ Երանոսյանից, որը պատասխանել է․ «Ինձ նման հարցեր մի տվեք։ Ես նման հարցերով չկամ, և ինձ մի՛ անհանգստացրեք»։
Նշենք, որ զինծառայողներին օրենքով արգելվում է ձեռներեցությամբ զբաղվել։