Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունները հայկական մամուլում արտացոլում գտան միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի ջախջախիչ հաղթանակի մասին վկայող թվերի տեսքով։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո երկու երկրների հասարակությունների միջև փոխադարձ հետաքրքրությունը չի ավելացրել․ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի մասին, ինչպես նախկինում, գիտենք միայն այն, ինչ պատմում է ռուսաստանյան հեռուստատեսությունը։
«Իսկ Բելառուսում ընտրություննե՞ր են եղել», «Այնտեղ, ի տարբերություն մեր երկրի, ամեն ինչ լավ ա», «Ժողովուրդը Լուկաշենկոյին սիրում ա», «Պապիկը չի թղում թալանեն», «Նա անգամ Ռուսաստանին ա հակադարձում», «Լավ կլիներ՝ մեզ մոտ էլ նրա նման մեկը լիներ»․․․ Այսպես էին Բելառուսում ընտրությունների մասին խոսելու իմ բազմաթիվ փորձերին արձագանքում ծանոթներս, մարդիկ Երևանի փողոցներում, տրանսպորտում, մարզասրահում։
Վախի մթնոլորտ, իշխանության կենտրոնացում, այլախոհների նկատմամբ զանգվածային ճնշումներ, անկախ հեռուստաալիքների բացակայություն, դատական ու ոստիկանական ամենաթողություն, տնտեսության տոտալ վերահսկողություն, խորհրդային իներցիա, ռուսաստանյան ազդեցություն․ պարզվում է՝ Ռուսաստանի օգնությամբ վերամիավորված երկրների միջև ընդհանուր թեմաները չեն պակասել։ Այս մասին խոսում են բելառուսցի լրագրողներ՝ «Խարտիա 97» կայքի խմբագիր Նատալյա Ռադինան ու լեհական «Գազետա Վիբորչա» թերթի թղթակից Անջեյ Պոչոբուտը․
մասնակցություն
Անջեյ Պոչոբուտ ֊ Բելառուսում քվեարկությունը տևում է հինգ օր։ Սա այն հնարքներից է, որոնք թույլ են տալիս նման արդյունքներ ցույց տալ։ Ընտրատեղամասերը բացվում են երեքշաբթի, և մինչև շաբաթ բոլոր նրանց, ում կարելի է ճնշել, քշում են արտահերթ քվեարկության։ Այս ցուցանիշով ևս ռեկորդ է գրանցվել՝ 36 տոկոս։
Արտահերթ քվեարկում են հանրակացարաններում բնակվող ուսանողները, բոլոր ուժային կառույցների աշխատակիցները, բժիշկները, պետական ծառայողները։ Նրանց հետևում են․ գործում է մի ամբողջ համակարգ, որը գաղտնալսում է նրանց զրույցներն ու տեղեկությունը փոխանցում գաղափարախոսության բաժիններին։ Վերջիններս զբաղվում են բնակչության դաստիարակությամբ։ Եթե կարելի է մարդուն որևէ կերպ ճնշել, նրան տանում են արտահերթ քվեարկության։ Արտահերթ քվեարկության դերը մեծ է նաև այն պատճառով, որ գիշերը քվեատուփի մոտ մնում է միայն ոստիկանությունը։ Արտահերթ քվեարկության համար նախատեսված տուփն այլ է, ընտրությունների օրը տեղադրված քվեատուփը՝ այլ։ Եվ ընտրատեղամասերում, որտեղ հաջողվում է առանձին հաշվարկ կատարել, պարզվում է՝ արտահերթ քվեարկողների 99,9 տոկոսը Լուկաշենկոյի օգտին է ձայն տվել։
Նատալյա Ռադինա ֊ Ընտրությունները կեղծելու ևս մեկ տարբերակ է մասնակցության ցուցանիշի արհեստական կրճատումը, երբ անհետանում են հարյուր հազարավոր ընտրողներ։ Մինսկի միայն մի շրջանում անհետացել է 250 հազար քվե։ Բնականաբար, երբ կրճատվում է ընտրողների թիվը, մասնակցության տոկոսն ավելի բարձր է թվում։ Տանից քվեարկելը կեղծելու մեկ այլ տարբերակ է։ Իշխանությունները հաղորդել են հազարավոր նման դեպքերի մասին։ Երբ դիտորդներն ընտրական հանձնաժողի ներկայացուցիչների ուղեկցությամբ փորձեցին այցելել տվյալ տները, պարզվեց, որ այդ միջոցով քվեարկել են հաշված թվով մարդիկ։ Կարող ենք փաստել, որ Լուկաշենկոն կրկին կեղծել է ընտրությունները, ու հրապարակված թվերը գեբելսյան ոճի սուտ է։
Լուկաշենկոյի հաճախորդները
Նատալյա Ռադինա ֊ Այս ընտրությունների սկզբունքային տարբերությունը նախորդներից այն էր, որ ժողովրդավարական ընդդիմության ներկայացուցիչներն ամբողջովին բոյկոտել էին դրանք։ 2010 թվականի ընտրություններն ավարտվեցին արդյունքների կեղծվելու դեմ բողոքի ակցիայի դաժան ու արյունարբու ցրմամբ ու գրեթե բոլոր անկախ թեկնածուների, նրանց շտաբերի անդամների, գրողների, բանաստեղծների, լրագրողների ձերբակալությամբ։ Բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին հազարավոր մարդիկ։ Այս անգամ ընդդիմությունը բոյկոտեց այդ ֆարսը՝ հայտարարելով, որ մտադիր չէ իր մասնակցությամբ լեգիտիմացնել գործընթացը։ Հետևաբար, ոչ առանց հատուկ ծառայությունների օգնության, գտան Լուկաշենկոյի «երեք հաճախորդի»․ երեք ֆրիկ, որոնք այս բոլոր ամիսների ընթացքում խաղում էին նրա հակառակորդների դերը։ Դա ակնհայտ էր, քանի որ նրանք իշխանությանը որևէ լուրջ հարցում չէին քննդատաում։ Նրանց նպատակն էր մարդկանց կանչել քվեարկության, որպեսզի Արևմուտքում տպավորություն ստեղծվեր՝ Բելառուսում, իբր, ինչ֊որ ընտրություն գոյություն ունի։
Անջեյ Պոչոբուտ ֊ Տվյալ ընտրությունները նախորդներից տարբերվում էին նրանով, որ առաջադրված ընդդիմադիր թեկնածուն շատ չափավոր էր։ Առաջին անգամ կինն առաջադրել էր իր թեկնածությունը երկրի բարձրագույն պաշտոնին։ Երիտասարդ, առանց որևէ քաղաքական փորձի և, միաժամանակ, շատ դինամիկ։ Ընդդիմության շրջանում կար կարծիք, թե դա իշխանությունների ծրագիրն էր ստեղծելու «կառուցողական ընդդիմություն», որը մտցվելու էր պետական համակարգ ու բավարարելու Արևմուտքի՝ ինչ֊որ փոփոխությունների պահանջները․ դա Լուկաշենկոյին օգնելու էր ստանալ ճգնաժամի պայմաններում այդքան անհրաժեշտ աջակցությունը։ Այդ թեկնածուն ներկա էր ԶԼՄ֊ներում։ Իհարկե, չի կարելի համեմատել Լուկաշենկոյի ներկայության հետ, ում ցուցադրում էին առավոտից՝ երեկո․ նրա բոլոր նիստերը, գործողությունները առավելագույնս լուսաբանվում էին։
Արևմուտքը նույն սխալներն է թույլ տալիս
Նատալյա Ռադիա ֊ Արևմուտքը Լուկաշենկոյին պետք է, քանի որ նա փողի ծայրահեղ պակաս ունի։ Ռուսաստանը, որն այժմ պատերազմ է վարում Ուկրաինայում ու Սիրիայում, ի վիճակի չէ հովանավորել իր արբանյակներին։ Ավելի քան 20 տարի բելառուսական ռեժիմը գոյություն էր պահպանում ռուսաստանյան փողերի միջոցով։ Երկիրը էժան գազ ու նավթ էր ստանում, վերամշակում ու Արևմուտքին վաճառում նավթամթերք։ Դա Լուկաշենկոյին թույլ էր տալիս տնտեսությունում փոփոխություններ չկատարել։ Այսօր իրավիճակն աղետալի է, և այն որևէ կերպ կայունացնելու համար Լուկաշենկոյին արևմտյան վարկեր են անհրաժեշտ։
Այնտեղ, իհարկե, ոչ ոք չի հավատում, որ Բելառուսում իրական ընտրություններ են անցկացվել։ ԵԱՀԿ֊ն, օրինակ, հայտարարեց, որ դրանք արդար չի կարելի անվանել։ Այլ հարց է, որ Ուկրաինայում պատերազմի պայմաններում, Եվրամիությանը պետք է կայունություն մյուս երկրներում։ Հետևաբար, տեղի է ունենում հերթական սխալը, երբ հանուն կայունության, եվրոպացիները պատրաստ են սեղմել բռնապետների ձեռքն ու նրանց հետ հարաբերություններ պահպանել։ Նույնը տեղի էր ունենանում նաև 2008֊ին․ երբ Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա, և Լուկաշենկոն, հատուկ Արևմուտքի համար, չճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։ Դա, մեծ հաշվով, որևէ դեր չխաղաց, Վրաստանին որևէ կերպ չօգնեց, բայց, այնուամենայնիվ, դրանից հետո Լուկաշենկոյի վրայից հանվեցին Եվրամիության պատժամիջոցներն ու վարկեր տրամադրվեցին։ Բոլորս գիտենք՝ դա ինչով ավարտվեց՝ 2010 թվականի արյունարբու իրադարձություններով։
Նույնը կլինի նաև այսօր, եթե Լուկաշենկոյի վրայից կրկին հանեն պատժամիջոցներն ու վարկեր տան։ Դա կրկին կավարտվի աղետով ու ողբերգությամբ Բելառուսում։ Արևմուտքի տրամադրած գումարները բարեփոխումների չէին ուղղվում։ Դրանք ծախսվում էին Ռուսաստանի հետ զորավարժությունների, ԿԳԲ֊ի ու աշխարհի ամենամեծ ոստիկանության գոյությունը պահպանելու վրա։ Հիշեցնեմ, որ Խորհրդային Միության համեմատ, երկրում ներկայումս յոթ անգամ ավելի մեծ թվով իրավապահներ կան։
ռուսաստանամետ ընդդիմություն գոյություն չունի
Նատալյա Ռադինա ֊ Բելառուսում ընդդիմությունը մեծամասամբ եվրոպամետ է։ Երկրում, կարելի է ասել, ռուսաստանամետ ընդդիմություն չկա։ Բելառուսում ռուսաստանամետ է Լուկաշենկոն։ Բոլորին հայտնի է, որ նա Կրեմլի խամաճիկն է ու Բելառուսի անկախության հիմնական սպառնալիքը։ Նա երկիրը դրել է մի իրավիճակում, երբ այն տնտեսապես, քաղաքականապես ու ռազմական առումով կախված է Ռուսաստանից։ Դա բացառապես նրա մեղքն է, քանի որ նա ցանկանում էր ամեն կերպ պահպանել իր իշխանությունը։ Իսկ ռուսաստանյան ղեկավարությունից բացի, որը ցանկանում է իրեն շրջապատել հավատարիմ սատրապներով, Լուկաշենկոն ոչ ոքի պետք չէր։
Անջեյ Պոչեբուտ ֊ Իշխանության ու ընդդիմության միջև գաղափարական ջրբաժանը բելառուսական իրականության ու խորհրդային անցյալի գնահատականն է։ Իշխանությունները պնդում են, որ սա լավագույն երկիրն է, և այստեղ երաշխավորված են բնակչության բոլոր իրավունքներն ու շահերը։ Արտաքին քաղաքականությունում Լուկաշենկոն ձգտում է առավելագույնս սերտ կապեր ու ռազմական համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ։ Խորհրդային միությունը, ըստ Լուկաշենկոյի, հրաշալի երկիր էր, որը փլուզվեց ազգի թշնամիների ու Արևմուտքի կողմից։ Ընդդիմության գնահատականի համաձայն՝ դա տոտալիտար երկիր էր, որտեղ բելառուսցիներն ի վիճակի չէին իրացնել իրենց ազգային շահերը։
ինչպես է հեռանալու Լուկաշենկոն․․․ Քադաֆիի ստվերը
Անջեյ Պոչոբուտ ֊ Դեռևս 2010֊ին ասում էին, որ նա չէր դնի իր թեկնածությունն ու կհեռանար վերելքի վրա լինելով։ Փորձագետները կանխատեսում էին, որ 2010֊ից հետո անկում կսկսվի, իրադրությունն էլ ավելի վատ կլինի ու Բելառուսի տնտեսությունում ստեղծված իրավիճակից ելք չի լինի։ Այն ժամանակ ակնկալում էին, որ նա կհեռանար ու կներկայացներ իր ժառանգորդին․ նման բան, սակայն, տեղի չունեցավ։
Պետական ԶԼՄ֊ներն ու պաշտոնական փորձագետները Լուկաշենկոյի հեռանալու հարցն ընդհանրապես չեն քննարկում․ դա նրանց համար փակ թեմա է։ Անկախ քաղաքագետների ու մամուլի համար «Լուկաշենկոյից հետո ի՞նչ կլինի» ու «նա ի՞նչպես է հեռանալու» հարցերն ամենաքննարկվողներից են։ Դրանք, սակայն, միանշանակ պատասխան չունեն։ Կարծում եմ՝ ինքը՝ Լուկաշենկոն, դեռևս չի որոշել՝ ինչպես է հեռանալու։ Նա իրեն արդեն առանց իշխանության չի պատկերացնում։ Պատահում է, որ նա հանրայնորեն ասում է՝ այժմ նրան բոլորը սիրում են, բայց եթե ինչ֊որ բան լինի, «բոլորը փայտերով կհարձակվեն իր վրա»։ Հատկապես մտահոգված էր այն ժամանակ, երբ գահընկեց արեցին Քադաֆիին։ Դա նրա համար շատ մեծ բարոյական ցնցում էր, քանի որ նա անձամբ ծանոթ էր Քադաֆիի հետ, նրան իր ընկերն էր անվանում։ Ցավոտ հարված էր՝ հաշվի առնելով այն, որ այնտեղ մահացան նաև Քադաֆիի տղաները, և այլն։ Կարծում եմ՝ նա դեռ չի որոշել՝ ուր և երբ է հեռանալու։
Նման ձախ֊պոպուլիստական ռեժիմները, սակայն, միշտ նույն ավարտին են արժանանում։ Տնտեսության պատճառով։ Քաղաքականությունում Լուկաշենկոն բոլորին հաղթել է․ եթե ինչ֊որ բան այնպես չէ, ուղարկվում է ՕՄՕՆ և հատուկ նշանակության ջոկատ, մարդկանց բանտ են գցում։ Ուժային կառույցները լավ են աշխատում։ Իսկ ահա տնտեսական տեսանկյունից ի՞նչ անել, հատուկ նշանակայիններին ո՞ր ուղարկել, ո՞ւմ ծեծել։ Դոլարի կուրսը, միևնույն է, բարձրանում է, իսկ եթե սկսեն ծեծել, էլ ավելի արագ կաճի։ Լուկաշենկոն հասկացել է, որ տնտեսությունն ուժով հնարավոր չէ կառուցել․ պետք է այլ ելքեր փնտրել։
Նատալյա Ռադինա ֊ Բելառուսում ընտրությունները ոչինչ չեն կարող փոխել։ Արդեն 20 տարի է՝ Լուկաշենկոն ուժի ու կեղծիքների միջոցով իշխանությունն իր ձեռքում է պահում։ Հոկտեմբերի 11֊ին տեղի ունեցած ֆարսը դա ևս մեկ անգամ հաստատում է։ Երկրում, բառի բուն իմաստով, տեղի է ունեցել ժողովրդին ընտրություններին մասնակցել ստիպելու գործողություն։ Ի պատասխան՝ մարդիկ առնվազն ակնկալելու են սոցիալ֊տնտեսական իրավիճակի բարելավում։ Նման բան, սակայն, տեղի չի ունենա, և իրավիճակն էլ ավելի մեծ մերժման, դժգոհության ու, վերջիվերջո, բողոքների կարժանանա։ Երբ, ուժայինից բացի, իշխանությունը պահպանելու որևէ այլ միջոց չլինի, ու չլինի գումար գվարդիականների համար, ապա նրանք արագ երես կթեքեն Լուկաշենկոյից, ու վստահ եմ, Բելառուսում փոփոխություններ տեղի կունենան։
Հայաստանի հետ միևնույն նավակում
Անջեյ Պոչոբուտ ֊ Հայաստանից պետք է նայել բելառուսական փորձին։ Ձեզ մոտ այժմ պատրաստվում են Սահմանադրությունը փոխել, իսկ Ալեքսանդր Գրիգորևիչն այն դեռևս 98֊ին է փոխել։ Այդ եվրասիական վեկտորը դարձել է բռնապետների, վերնախավերի միություն, որոնք շահագրգռված չեն որևէ փոփոխություններով։ Այդ միությանը չի հետաքրքրում Արևմուտքը, որը նշանակում է վերնախավի փոփոխություն, այլ՝ կապը Ռուսաստանի հետ, որը նույնպիսի բյուրոկրատական խմբավորում է։ Դա, նրանց թվում է, հնարավորություն է տալիս պահպանել իրենց արտոնյալ դիրքը։ Կարծում եմ՝ հայաստանյան ղեկավարության տեսանկյունից՝ եվրասիական ինտեգրման ընտրությունը վերնախավի ընտրությունն է, որը տեսնում է՝ այնտեղ չկան որևէ փոփոխություններ․ դա միություն է, որը թույլ է տալիս շատ երկար ժամանակ պահպանել իրենց արտոնյալ դիրքը։ Այս առումով, բոլորս միևնույն նավակում ենք հայտնվել։
Հինգ տարի առաջ՝ 2010 թվականի դեկտեմբերի 19֊ին, Նատալյա Ռադինան ձերբակալվել է ԿԳԲ֊ի կողմից։ Ստորագրության դիմաց ազատվելուց հետո՝ նա փախել է երկրից, հինգ ամիս անց հայտնվել է Լիտվայում, որտեղ ստացել է քաղաքական ապաստան։ Այժմ լրագրողը շարունակում է ապրել Վիլնյուսում ու աշխատում է որպես «Խարտիա 97»֊ի խմբագիր։
Անջեյ Պոչոբուտը «Բելառուս համակարգ» գրքի հեղինակն է։ Բազմիցս ձերբակալվել ու դատապարտվել է ժամանակակից Բելառուսի ու դրա առաջնորդի մասին իր հոդվածների պատճառով։ Ապրում և աշխատում է Գրոդնոյում։
Հոդվածը պատրաստեց Յուրի Մ․֊ն