Home / Հայաստան / Բողոքի ակցիայից հետո Մետրոպոլիտենից ազատված աշխատողների գործով որոշումը խախտումներով է կայացվել․ փաստաբան

Բողոքի ակցիայից հետո Մետրոպոլիտենից ազատված աշխատողների գործով որոշումը խախտումներով է կայացվել․ փաստաբան

Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո Երևանի մետրոպոլիտենից աշխատանքից ազատված երեք սանդուղքավարների գործով Վերաքննիչ դատարանը աննախադեպ, ինքնանպատակ, անարդար և օրենքի կոպիտ խախտմամբ որոշում է կայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել սանդուղքավարների փաստաբան,  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանը:

Սանդուղավարներ Սևակ Հովհաննիսյանը, Անդրանիկ Գևորգյանը և Գագիկ Գալստյանը առաջին ատյանի դատարանում վիճարկել էին իրենց աշխատանքից հեռացնելու մասին որոշման օրինականությունը և հաղթել էին. Մետրոպոլիտենի՝ աշխատանքից ազատման հրամանները ճանաչվել էին անվավեր, դատարանը Մետրոպոլիտենին պարտավորեցրել էր հեռացված աշխատակիցներին միջին աշխատավարձի հնգապատիկի չափով գումար վճարել:

Վերաքննիչ դատարանի դատավորների եռյակը՝ Աստղիկ Խառատյան (լուսանկարում), Կարինե Հակոբյան, Տարոն Նազարյան, սակայն, բեկանել էր վճիռը՝ բավարարելով Մետրոպոլիտենի վերաքննիչ բողոքը։ Աշխատակիցների հեռացումը համարվել էր հիմնավորված, վերացրել էր փոխհատուցման մասին պարտավորեցումը: Քրիստինա Գևորկյանն ասում է, որ դատարանը հակասել է ինքն իրեն. և՛ օրինական է ճանաչել ազատումը, և՛ ճանաչել, որ աշխատողները հարկադիր պարապուրդի են մատնվել:

«Հատկանշանական է այն փաստը, որ Վերաքննիչ դատարանի որոշման բովանդակությունը ներկայացված է միայն մետրոպոլիտենի փաստերի շարադրմամբ: Մինչդեռ մենք ևս վերաքննիչ բողոք էինք ներկայացրել նախկին աշխատանքում չվերականգնելու մասով, ինչպես նաև եթե այնուամենայնիվ վերաքննիչ դատարանը գտներ, որ վերականգնման հնարավորություն չկա, ապա չվերականգնելու դիմաց փոխհատուցման մասով` հնգապատիկի փոխարեն սահմանել տասներկուապատիկի չափը: Որոշման մեջ առկա են բազմաթիվ հորինված փաստեր և խախտումներ, որոնց մասին փաստաբանական տակտիկայի տեսանկյունից հարկ ենք համարում չնշել: Աշխատողները աշխատանքից ազատվել են բացառապես նրանց կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ մետրոպոլիտենի 60-ից ավելի աշխատակիցների հետ միասին արտահայտած կարծիքի և ցույցերին մասնակցելու համար»,- ասել է Գևորկյանը:  

Tekali Taxi