հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հոսպիտալում հայտնված զինվորին ծեծելու դեպքի առթիվ քրգործ են հարուցել

Հոսպիտալում հայտնված զինվորին ծեծելու դեպքի առթիվ քրգործ են հարուցել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում սպայի կողմից իր ստորադասին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեի կայքը։

Դեպքի մասին 2 օր առաջ ահազանգել էր «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ բռնության հետևանքով 19-ամյա զինծառայող Արթուր Հակոբյանը ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր և տեղափոխվել Երևանի կայազորային հոսպիտալ։

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա․Հակոբյանը 16.01.2015թ. Շահումյանի զինկոմիսարիատից զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և ծառայության նշանակվել N զորամասում:

Ծառայության ընթացքում Հակոբյանը 5 անգամ ստացիոնար բուժում է ստացել զորամասի բուժկետում: 2015 թվականի նոյեմբերի 11-ին, զորամասի հրամանատարի հրամանի համաձայն, Հակոբյանը հետազոտման և բուժում ստանալու նպատակով ուղեգրվել է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնտեղից` Երևանի կայազորի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Զինծառայողի ազգականը հայտնել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն է գործադրվել նոյեմբերի 6-ի երեկոյան՝ սպայի կողմից», ֊ մանրամասնում է Քննչական կոմիտեն։ Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք գործի շրջանակներում որևէ մեկին ձերբակալել կամ մեղադրանք են առաջադրել։

Արթուր Հակոբյանի մորաքույր Էդիտա Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ Արթուրին ծեծել են՝ խանութ գնալու համար։

«Արթուրը ընկերներից մեկի հետ երեկոյան ժամին գնացել է ծխախոտ գնելու, այդ ժամանակ զորամասի դռների մոտ սպաները տեսել են նրանց, ընկերը փախել է, իսկ ինքը չի հասցրել։ Արթուրին ծեծել են, հիմնականում հարվածները գլխին են եղել, ես որ իրեն հոսպիտալում տեսա, չճանաչեցի, ինձ չէր հիշում, հիշողությունը կորցրել է, անընդհատ ասում էր՝ Ջիվանը ինձ ծեծեց, Ջիվանը ինձ նեղացրեց։ Բայց չի կարողանում հիշել, քանիսն են եղել իրեն ծեծողները»,֊ ասել է Էդիտա Հարությունյանը։

Նա նաև նշել է, որ ոչ զորամասի և ոչ էլ հոսպիտալի ղեկավարությունից իրենց տեղյակ չեն պահել դեպքի մասին։ Այդ լուրը փոխանցել են զինծառայողները․ «Փաստորեն մենք մինչ օրս չէինք իմանա, թե որտեղ է Արթուրը»։