հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Հանցավոր խմբի» գործով գլխավոր կասկածյալը կալանավորվեց․ փաստաբանը կոչ է անում չշիկացնել մթնոլորտը

«Հանցավոր խմբի» գործով գլխավոր կասկածյալը կալանավորվեց․ փաստաբանը կոչ է անում չշիկացնել մթնոլորտը

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդել է կալանավորել մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպելու գործով բերման ենթարկված 21 անձանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը։ Երկու օր առաջ ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Վերջինիս 2 ամսով կալանավորելու որոշումն արդեն կայացվել է։

Համբարձումյանը տեղեկացրել է, որ նախապատրաստվող հանցագործությունները «հրեշավոր էին»՝ ուղղված քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ, սակայն լրագրողների հարցին, թե կոնկրետ ինչ «հրեշավոր» հանցագործությունների մասին է խոսքը, Համբարձումյանը չի պատասխանել։

Արթուր Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Վերջինս հայտնի է մի շարք հնչեղ քրեական գործերում որպես պաշտպան ներգրավված լինելով․ մասնավորապես, նա պաշտպանել է «Իրավունք» թերթի և դրա խմբագիր Հովհաննես Գալաջյանի, ինչպես նաև «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի շահերը։

Փաստաբանը լրագրողներին հորդորել է չշիկացնել մթնոլորտը և հաշվի առնել անմեղության կանխավարկածը։ Բաղդասարյանն ասել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը։

Armtimes.com֊ի փոխանցմամբ՝ 21 ձերբակալվածների թվում է նաև ազատամարդիկ Խաչիկ Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ավետիսյանը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնելու 17 քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով, սակայն հետագայում դրժել էր խոստումը՝ հայտարարելով, թե հացադուլը կանցկացնի տանը, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը պետք է միասնական, հյուրերի համար ներկայանալի լինել։

Լուսանկարը՝ Armtimes.com