Դեկտեմբերի 8-ից դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում 3 զինծառայող է զոհվել։ Ինչպես հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, դեկտեմբերի 11-ին, ժամը 20։40֊ի սահմաններում արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Գրիգորյանը սպանվել է հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից։
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ֊ն հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ի առավոտյան սահմանին սպանվել էր 21-ամյա պայմանագրային զինծառայող Վարդան Վարդանյանը, իսկ դեկտեմբերի 8-ին՝ 24-ամյա Գարիկ Ավանեսյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել էր, որ սահմանային լարվածությունն աճել է, և 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում սահմանին 3 զինծառայող է վիրավորվել։ Բացի դա, դեկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղում զոհվել էր 20֊ամյա Էրիկ Գրիգորյանը։