«Հակահարված» արտ֊խմբի անդամ Արտակ Գևորգյանին երեկ Ազգային անվտանգության ծառայություն բերման են ենթարկել բռնության գործադրմամբ ստվարաթղթից պատրաստված կանաչ տանկով Երևանում շրջելու համար։ Այս մասին Գևորգյանը պատմել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում։
Նա ասել է, որ դեկտեմբերի 11-ին առավոտյան ինքը նախաճաշելու էր գնում, երբ Եզնիկ Կողբացի փողոցում մի քանի մեքենաներ են հայտնվել, որոնցից դուրս եկած մարդիկ հայտարարել են, թե ԱԱԾ֊ից են, իրեն պառկեցրել են գետնին, ապա խեղդելով մեքենա են նստացրել և իր ընկերոջ հետ միասին տարել են ԱԱԾ։
«Ես դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իմ սարքած ստվարաթղթե հայտնի կանաչ տանկով ակցիա եմ արել քաղաքում, որ նախկինում էլ եմ մի քանի անգամ արել, այդ օրը շրջել եմ քաղաքի տարբեր կետերով՝ Բաղրամյան 26, ԿԸՀ, Օպերա, վերջում տարել եմ ու խփել եմ ԱԱԾ-ի դարպասներին ու հեռացել եմ: Հարցնում էին՝ տանկը ինչի՞ ես տարել, ԱԱԾ-ն ի՞նչ կապ ունի դրա հետ։ Բացատրեցի, որ դա արվեստի գործ էր ու դա ԱԱԾ-ի համար չէր, ուղղակի վերջինը ԱԱԾ-ում եմ արել: Հարցնում էին՝ ինչի չես տարել պաշտպանության նախարարություն, ասեցի՝ հեռու էր (գտնվում է Նորքի 2-րդ զանգվածում֊խմբ․) ու հավես չունեի, ուզեցի ԱԱԾ-ի վրա անել»:
Լուսանկարները՝ Hetq.am֊ի
Գևորգյանը պատմել է թերթին, որ ԱԱԾ֊ում իրեն բերման ենթարկելու վերաբերյալ ոչ մի իրավական հիմքեր չեն ներկայացրել․ «Այնպես չէ, որ դա թաքուն անելու բան էր, ակցիայի տեսագրությունը հրապարակելու էի սովորականի նման: Հետո կողքից լսեցի, որ խուլիգանության հոդվածով «Ալֆա» ջոկատն ինձ բերման է ենթարկել տանկով բան անելու համար: Ես բացատրեցի, որ տանկով ակցիա եմ արել, դա ներկայիս իշխանությունների դեմ ակցիա է՝ երկրում տիրող անարդարությունների ու խառը քաղաքական իրավիճակների համար»:
Գևորգյանը պատմել է, որ իրենից վերցրել են անձնագիրը և քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն: Քրգործ հարուցելու մասին արվեստագետին ոչինչ չեն ասել։
«Ասել են՝ հարկ եղած դեպքում պիտի ներկայանաս: Մեկ էլ ուզում էին իմանալ՝ արդյոք ինչ-որ մեկը դրդել է, որ նման բան անեմ», ֊ նշել է Գևորգյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը․