Home / Տեսանյութեր / Եզդի կանանց կրթության իրավունքը Հայաստանում խախտվում է

Եզդի կանանց կրթության իրավունքը Հայաստանում խախտվում է

Հեղինակներ՝ Զեմֆիրա Քալաշյան, Բորիս Մուրազի

Հոդված՝ «Եզդի կանանց մեծ մասը անգամ դպրոց չի ավարտում» («Եզդի կանանց կրթության իրավունքի խախտում» զեկույցից) 

«Եզդիները (ինքնանվանումը՝ էզդի) իրանալեզու ժողովուրդ են, որոնք հատուկ դավանանքի են պատկանում: Եզդիների կրոնը կոչվում է Շարֆադին, և նրանք հավատում են միակ Աստծուն։ Եզդիները Միջագետքի այն եզակի ժողովուրդներից են, որ ունեն իրենց յուրօրինակ մշակույթը և կրոնը, որ պահպանում են հազարամյակներ շարունակ:

12-րդ դարում բարեփոխիչ Շեխ Ադիի ի հայտ գալով՝ եզդիական համայնքը դարձավ փակ կրոնական համայնք: Եզդիները շրջապատված լինելով մուսուլմանական համայնքներով  ստիպված էին իրենց համայնքի անդամներին զրկել որոշակի ազատություններից, որպեսզի համայնքը պահպանվեր բազմամիլիոն մահմեդականներով շրջապատված լինելով:

Կրոնական այս բարեփոխումներից հետո փոխվեց հատկապես կանանց նկատմամբ մոտեցումը: Կանանց շրջանում տարածվեց վաղամուսնությունը և նրանք այս պատճառով զրկվեցին նաև լիարժեք կրոթություն ստանալու իրավունքից: 

Այս վարքը եզդիների շրջանում դարձավ կարծրատիպ և մինչ այսօր էլ այն պահպանվում է աշխարհի շատ երկրների եզդի համայնքներում: Այս խնդիրն առկա է նաև հայաստանաբնակ եզդիների շրջանում:  

Հայաստանաբնակ եզդիների շրջանում իրապես շատ սուր է դրված եզդի կանանց կրթության հարցը: Շատ եզդի աղջիկներ շարունակում են մնալ անգամ անտառաճանաչ: Այս իրավիճակը պապհանվում է հատկապես ավագ սերնդի եզդի որոշ գործիչների կողմից իրականացվող քարոզչական աշխատանքի պատճառով: Եզդիական որոշակի շրջաններ կարծում են, որ դպրոցն ավարտած կամ ԲՈՒՀ-ում սովորող եզդի աղջիկն անբարոյական է և չի կարող հետագայում իր կյանքը դասավորել:

2012 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, համաձայն որի  կանանց և տղամարդկանց համար սահմանվում է ամուսնության միևնույն տարիքը՝ 18 տարեկանը:

Այս օրենքի ընդունման դեմ արտահայտվեցին Հայաստանի եզդի համայնքի մի շարք գործիչներ: Մասնավորապես, իրեն աշխարհի եզդիների նախագահ համարող Ազիզ Թամոյանը հայտարարեց, որ այս քայլով ՀՀ կառավարությունը դժբախտացնում է եզդի աղջիկներին։
«Եզդի աղջիկները չեն սովորում. մեկ-երկու աղջիկ են տարեկան ընդունվում համալսարան, որովհետև մեզ մոտ համալսարան նստած աղջիկները չեն ամուսնանում: Ո՞ր մի աղջիկն է համալսարան ավարտել և ամուսնացել: Այդպիսի խայտառակ բաներ կան, մեզ մոտ քենապահություն կա, ուրիշ բան է, էլի: Ասում է՝ աղջիկը գնացել է, սովորել է, շփվել է, ուրեմն աղջիկ չի, և այլն, և այլն: Դրա համար մեզ մոտ պիտի լինի 16 տարեկան: Էդպիսի բան ենք նախատեսել. մենք դա չենք կարող ընդունել, որովհետև էդ աղջիկները կդժբախտանան», – հայտարարել էր Ազիզ Թամոյանը:

Ահա այսպիսի կարծրատիպային մտածելակերպի արդյունքում այսօր շատ եզդի կանայք զրկված են կրթության իրավունքից: Շատ եզդի կանայք  չեն հասցնում ավարտել 5֊րդ դասարանը: Վերևում խոսք գնաց նաև վաղ ամուսնությունների մասին, որը ևս կարևորագույն խնդիր է և որին մենք կանդրադառնանք առանձին զեկույցով:

Եզդի կանանց կրթության իրավունքի խախտմանը նպաստում է նաև պետական  մարմինների անփույթ աշխատանքը: Ըստ ՀՀ Կրթության մասին օրենքի` ՀՀ քաղաքացիների համար 9-ամյա (իսկ 2015-ից արդեն 12-ամյա) կրթությունը պարտադիր բնույթ է կրում, սակայն պետական մարմինները որևէ կերպ չեն կանխարգելել եզդի կանանց կրթության իրավունքի խախտման դեպքերը:  Հատկապես եզդիաբնակ գյուղերում շատ եզդի ծնողներ իրենց աղջիկներին 5֊րդ, 6-րդ դասարաններից թույլ չեն տալիս հաճախել դպրոց և դեռևս չի եղել դեպք, որ ԿԳՆ-ն հետևողական լինի և նման ծնողներին փորձի հասկացնել, որ իրենք խախտում են օրենք և իրենց երեխայի իրավունքը, ինչի համար պետք է պատասխանատվություն կրեն: Այստեղ տեղին չեն այն մոտեցումները, որ դպրոց չհաճախելը եզդի ժողովրդի ազգային ավանդույթի  մի մաս է կազմում:

Այն, որ եզդի կանանց անկիրթ լինելը եզդի ժողովրդի ազգային ավանդույթը չէ, լավագույնս ապացուցվել է Սովետական Միության տարիներին, երբ նրանք աչքի էին ընկնում ամենատարբեր ոլորտներում: Սովետական Միության տարիներին աչքի էին ընկնում այնպիսի եզդի գիտնական և արվեսագետ  կանայք, ինչպիսիք էին՝ ազգագրագետ Լամարա Բարիսովնան, լեզվաբան Զառա Ալիևան, կենսաբան Լյուսյա Մամեդովան, արևելագետ Խանա Օմարխալին, իրանագետ Ա. Յուսուպովնան, բանաստեղծուհի Հնարա Թաժդին, կրկեսի արտիստուհի Նազի Շիրաին, դերասան Զինաիդա Աիդոևան, նկարչուհի Բասե Պայալովնան և այլն:

Այս կանայք այն լավագույն օրինական են, որ եզդի ժողովրդի համար կթությունը և գիտությունը ունեցել է իր ուրույն  տեղը, հետևաբար եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը նաև եզդի ժողովրդի ազգային ավանդույթների դեմ քայլ է:

Ինչպես արդեն նշեցինք, եզդի կանանց կրթության իրավունքը հիմնականում խախտվում է եզդիաբնակ գյուղերում: Եվ հենց եզդիաբնակ գյուղերում տիրող իրավիճակը ուսումնասիրելով՝ մենք կկարողանանք մեզ համար պարզել  ամբողջական պատկերը:

Այսպես՝ Արմավիրի մարզի Արտաշարի միջնակարգ դպրոց 2004-2015 թվականներին ընդունվել է 84 եզդի աղջիկ, որից 37-ն ավարտել է 9-րդ դասարանը, իսկ 3-ը՝ 12-րդ դասարանը:  Այս տվյալներից ստացվում է, որ դպրոց ընդունված եզդի աղջիկների 52 տոկոսը չի ավարտել անգամ 9-րդ դասարանը, այսինքն՝ չի կատարվել պարտադիր կրթության պահանջը:

2004-2014թթ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոց է ընդունվել 55 եզդի աղջիկ, որից 41-ը ավարտել է 9-րդ դասարանը, իսկ 14-ը 12-րդ դասարանը:  Իհարկե, այս դեպքում չի կրկնվում Արտաշար համայնքի պատկերը, սակայն այն ևս հուսադրող չէ, քանի որ եզդի աղջիկների մեծ մասը չի ավարտել հանրակրթական դպրոցի ամբողջ կուրսը:

Նույն մարզի Ֆերիկ համայնքում նույն ժամանակահատվածում համայնքի հիմնական դպրոց (9-ամյա) դպրոց է ընդունվել 25 եզդի աղջիկ, իսկավարտել է 22-ը, այսինքն դպրոց ընդունված աղջիկներից 3-ը օրենքի խախտմամբ ավելի վաղ են դուրս մնացել դպրոցից:

Մենք մեր ուսումնասիրության առարկա ենք դարձրել նաև Արագածոտնի մարզի 12 եզդիաբնակ գյուղ: 

Եվ այսպես, Արագածոտնի մարզի եզդիաբնակ Կանիշիրի, Սադունցի, Միրաքի, Ջամշլուի, Շամիրամի, Հակոյի, Դիանի, Թլիկի, Սորիկի հիմնական (9-ամյա) դպրոցներում  2003-2015թթ ընդունվել է  174 եզդի աղջիկ, իսկ ավարտել է 104 աղջիկ: Այս դեպքում 70 եզդի աղջիկ օրենքի խախտմամբ չի ավարտել անգամ 9-րդ դասարանը:

Արագածոտնի մարզի Ռյա-Թազա, Ալագյազ և Ճարճակիս համայնքների միջնակարգ (12-ամյա) դպրոցներ ընդունվել է 135 եզդի աղջիկ, նրանցից միայն 105-ն են ավարտել դպրոցը:

Ամփոփելով տվյալները՝ մենք արձանագրեցինք, որ մեր կողմից ուսումնասիրված 15 եզդիաբնակ համայնքներում 2003-2015 թվականները դպրոց է ընդունվել 473 եզդի աղջիկ, որից 234-ը ավարտել է 9-րդ դասարանը, 122-ը ստացել է 12-ամյա կրթութուն, իսկ 117 աղջիկ օրենքի խախտմամբ չի ստացել անգամ 9-ամյա կրթություն:

Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 12-ամյա կրթությունն այն մինիմալ շեմն է, որը անհրաժեշտ է մարդու համար իր հետագա կյանքի ընթացքում, ապա կստացվի, որ եզդի աղջիկների գերակշիռ մեծամասնությունը իրականում անկիրթ է: 

Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ներկայումս դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի, և հաճախ՝ հատկապես գյուղական համայնքներում, երեխաները գրանցված են դպրոցներում, սակայն դասապրոցեսին չեն մասնակցում: Նման դեպքեր քիչ չեն եզդիաբնակ գյուղերում, որոնց մենք հանդիպել ենք մեր կողմից իրականացրած դաշտային աշխատանքների ընթացքում, և այս դեպքում կստացվի, որ իրականում շատ ավելի քիչ եզդի աղջիկներ են հասցնում ավարտել դպրոցը:

Մեր կողմից ուսումնասիրվող խնդիրը ունի մի քանի պատճառ, դրանցից  առաջնայինը հոգեբանականն է, քանի որ երեխաների կրթության իրավունքը խախտում են, առաջին հերթին, ծնողները և այստեղ կան ավանդույթային վախեր, որոնք միայն նպատակային աշխատանքի դեպքում կարելի է հաղթահարել: Բացի դրանից, եզդի կանանց կրթությանը խանգարող հանգամանք է հատկապես իգական սեռի շրջանում տարածված վաղ ամուսնությունը:  

Մենք արդեն նշեցինք, որ  եզդի կանանց կրթության իրավունքի խախտմանը նպաստում է նաև ՀՀ պետական մարմինների անգործությունը: Եթե ԿԳՆ համապատասխան կառույցները ժամանակին հայտնաբերեն մեր կողմից նախանշված դեպքերը, ապա  կարելի է եզդի կանանց կրթության իրավունքի խախտման դեպքերը էականորեն նվազեցնել:  Պետք է նաև բարձրացվի հանրության իրազեկվածության մակարդակը, որպեսզի, առաջին հերթին, եզդի ծնողները գիտակցեն, թե ինչով է կարևոր կրթությունը, և երկրորդը՝ գիտակցեն, որ իրենք պատասխանատու են իրենց երեխաների կրթության համար և կարող են ըստ օրենքի նաև պատժվել իրենց երեխաների իրավունքները խախտելու համար»:

Լուսանկարը՝ Երևանի «Սինջար» եզդիական կիրակնօրյա դպրոցից