Home / ԼԳԲՏ+ / Ոստիկանությունից պահանջում են պատժել ԼԳԲՏ ակտիվիստների վրա հարձակվողներին

Ոստիկանությունից պահանջում են պատժել ԼԳԲՏ ակտիվիստների վրա հարձակվողներին

Փետրվարի 15-ին մի խումբ անձանց կողմից ԼԳԲՏ ակտիվիստների վրա իրականացված ֆիզիկական հարձակումը խստորեն դատապարտելի է։ Այս մասին տարածած հայտարարության մեջ նշում է «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոնը։

Կազմակերպությունը դատապարտում է նաև ոստիկանության փաստացի անգործությունը՝ «հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու հնարավորության բացթողումը, նաև հիվանդանոցի բուժանձնակազմի՝ բժշկական էթիկային ու ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող վարքի դրսևորումը»:

Նշենք, որ փետրվարի 15-ին տեղի ունեցած հարձակումից հետո ԼԳԲՏ ակտիվիստներից մեկը դիմել էր թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրանց ծաղրել էին բուժանձնակազմի անդամները։

«Բեկումը» դիմել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին՝ նրանց կոչ անելով աչալրջորեն հետևել դեպքի վերաբերյալ իրադարձությունների զարգացմանը։

Հայտարարության հեղինակները ոստիկանությունից պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել հարձակվող անձանց հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կանչելու ուղղությամբ, Առողջապահության նախարարությանը հորդորում են քայլեր կատարել բուժհիմնարկի աշխատակիցների շրջանում առկա անթույլատրելի բարքերը վերացնելու ուղղությամբ:

«Կազմակերպությունը հետևողական է լինելու ատելության հողի վրա տեղի ունեցած այս հանցագործության բոլոր մանրամասները պարզելու և մեղավորներին հանրային և իրավական պատասխանատվության կանչելու հարցում», – նշում է «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոնը։

Tekali Taxi