Գլխավոր / Տեսանյութեր / Բռնարար ամուսնուն դուր չեն եկել իր մասին «Գուգլում» առկա հոդվածները

Բռնարար ամուսնուն դուր չեն եկել իր մասին «Գուգլում» առկա հոդվածները

Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչ Կարեն Խեչոյանը մեղադրվում է կնոջը՝ Լուսինե Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։ Հունվարի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ՝ 150 հազար դրամի չափով էր տուգանել մեղադրյալին: Տուժող կողմը անարդար է համարում վճիռը և այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Կնոջը 10 տարուց ավել պարբերաբար ծեծի ենթարկած Կարեն Խեչոյանն այսօր դատարանում պահանջել է նիստը դռնփակ անցկացնել: Բացի դա, նա դատարանից խնդրել է իրեն հանրային պաշտպան տրամադրել:

«Մինչև այդ ես ասել էի, որ իմ շահերը ինքս կպաշտպանեմ, բայց սրանց պատճառով [նկատի ունի նիստը լուսաբանող լրագրողներին-խմբ.] ես ուզում եմ դռնփակ նիստ, քանի որ դա իմ ընտանեկան հարցերն են: «Յանդեքս» տալիս եմ՝ ես եմ, «Գուգլ» տալիս եմ՝ ես եմ, ընտանիքս խայտառակ են արել։ Իսկ քանի որ ես տենց օրենքը չգիտեմ, ուզում եմ հանրային պաշտպան, որ էդ դռնփակ նիստի հարցը կարգավորի», — ասել է Խեչոյանը:

Դատավորն ընդունել է ամբաստանյալի՝ պաշտպան տրամադրելու մասին միջնորդությունը և հետաձգել նիստը մինչ պաշտպանի ներկայանալը։ Պապոյանը միայն դրանից հետո կքննի նիստերը դռնփակ անցկացնելու միջնորդությունը։

Նիստի ավարտից հետո տուժողի փաստաբան Նոնա Գալստյանը նշել է, որ նման գործերի պարագայում նիստերը դռնփակ անցկացնելը խնդրահարույց է:

«Եթե հանակարծ ընտանեկան բռնությունների հետ կապված դատական նիստերը դռնփակ անցկացվելու միտում նկատվի, ապա սա շատ բացասաբար կարող է անդրադառնալ նման գործերի քննության վրա: Նախ պատշաճ և օբյեկտիվ քննության առումով, ինչպես նաև հասարակության իրազեկության առումով: Քանի որ նման գործերի լուսաբանումը հնարավորություն է տալիս հանրությանը գիտակցել, որ ընտանեկան հանցագործություններ նույնպես պետք է պատժվեն: Այս դեպքում նիստը դռնփակ անցկացնելու ոչ մի հիմք չկա», — ասել է փաստաբանը:

Վերջինս ներկայացրել է նաև իրենց կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի հիմքերը:

«Առաջին ատյանի դատարանի պատիժը մենք համարում ենք անհամաչափ, քանի որ հաշվի չի առնվել որ ամուսինը կնոջը ծեծել է ալկոհոլի ազդեցության տակ: Սա ծանրացուցիչ հանգամանք է, որը դատարանը պետք է հաշվի առներ: Ամուսինը նաև սեռական և հոգեբանական ճնշումների է ենթարկել կնոջը: Մենք կալանք ենք պահանջում, որ նշնակվի, որովհետև բռնարարը պետք է գիտակցի՝ ինչ է արել: Ինքը իրեն այնպես է պահում, կարծես, ոչ մի հանցավոր բան չի արել», — ասել է փաստաբանը:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել դատախազ Արսեն Պողոսյանը, սակայն նա դատարան էր ուղարկել մեղադրականը, որում անհիմն է համարել տուժող կողմի բողոքը:

«Զարմանալի էր, որ մեղադրողը առարկել է բողոքի դեմ: Ես հակված եմ դա կապել մարզային՝ բոլորիս հայտնի հարաբերությունների հետ:

Կա կանխակալ մոտեցում՝ ի նպաստ այդ մարզի բնակչի և դա հատկապես ընտանեկան բռնությունների հետ կապված է լինում», ֊ այդ առիթով նշել է Գալստյանը:

Գործի մասին մանրամասն՝ այստեղ: