Home / Հայաստան / Ցմահ դատապարտյալը տուժել է իրավապահների պատճառով, պնդում է փաստաբանը

Ցմահ դատապարտյալը տուժել է իրավապահների պատճառով, պնդում է փաստաբանը

Ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանը դատարանում պահանջում է վերացնել բանտում բջջային հեռախոս պահելու համար իր նկատմամբ կիրառված վարչական տույժը։ Վերացման դեպքում նա հնարավորություն կունենա դիմել վաղաժամ ազատման համար։

Այսօր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացուցչ Արմեն Պետրոսյանը, իր հերթին, միջնորդել է առանց քննության թողնել դատապարտյալի բողոքը՝ պնդելով, որ Մկրտչյանի տույժի կիրառումը պետք է բողոքարկեր պատիժները կատարելու նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին, սակայն դա չի արել: Պետրոսյանի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է։

Մկրտչյանի խոսքով՝ իրեն չեն տեղեկացրել անգամ, որ վերոնշյալ մարմիններում տույժը բողոքարկելու իրավունք ունի։

Անդրադառնալով բանտում բջջային հեռախոսի օգտագործմանը՝ Մկրտչյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը նշել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հավաստիացրել են նրան, որ հեռախոսն իննքնակամ հանձնելու դեպքում կազատվի պատժից։ Մկրտչյանը հանձնել է հեռախոսը՝ չմտածելով, որ կարող է տույժի ենթարկվել, և դա կխանգարի իրեն դիմել վաղաժամ ազատման համար, ինչի իրավունքն ունեն ցմահ այն դատապարտյալները, ովքեր 20 տարի կրել են իրենց պատիժը։

ՔԿՀ-ի ներկայացուցիչը պնդել է, որ փաստաբանի կողմից դատարանում ներկայացրած տեղեկությունը հավաստի չէ, սակայն Ռևազյանն ասել է, որ հակառակը դեռ չի ապացուցվել, ինչը նշանակում է, որ իրավապահ մարմինները նման բան ասել են։ Պետրոսյանը նշել է, որ ինքնակամ չհանձնելու դեպքում Մկրտչյանի պատիժը կլիներ ավելի խիստ՝ ընդհուպ մինչև պատժախուց տեղափոխելը։

Դատական նիստն ընդհատվել է, քանի որ դատավարը 15։00-ին այլ դատական նիստ էր նախագահում։ Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 25-ին, ժամը 12։00-ին։

Արթուր Մկրտչյանը 1997-ին դատապարտվել է մահապատժի՝ 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով, ապա 2003-ին մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և առ այսօր պնդում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել:

 

Tekali Taxi