Ղարաբաղի բանակի գնդապետ Արարատ Մելքումյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով՝ ԼՂՀ հարավ-արևելյան, հարավային շրջանների պաշտպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու, ադրբեջանական գրոհները հետ մղելու և թշնամուն պարտության մատնելու համար:
Ապրիլյան պատերազմի առաջին օրերին դիվիզիայի հրամանատարի տեղակալ Մելքումյանը ոտքից վիրավորվել էր։ Ահա թե ինչպես է նկարագրում այդ մարդուն Ջեբրաիլի զինվորական հոսպիտալ այցելած «168 ժամ» թերթի խմբագիրը․
«․․․Խնդիրը, սակայն, այն էր, որ գնդապետ Մելքումյանին մի կերպ էին պահում հոսպիտալում. ոչ դեղորայք էր ցանկանում ստանալ, ոչ պառկել, ոչ թողնում էր՝ վիրակապ փոխեն…
․․․Գնդապետն աննկարագրելի քչախոս ու համեստ անձնավորություն է: Մինչ այդ զինակից ընկերները պատմել էին նրա հերոսությունների, կուռ բնավորության և մարտական պատրաստվածության, հերոսական գործողությունների մասին: Գնդապետը միայն սեղմ անդրադարձավ ադրբեջանցիների կողմից գրավված որոշ հենակետերին՝ նշելով, որ դրանք մեզ համար ստրատեգիական մեծ նշանակություն չունեին, և իր համար անհասկանալի է, թե ինչու են այստեղ՝ Հայաստանում, դրա շուրջ այդքան աղմկում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջեբրաիլի շրջանում շատ թեժ մարտեր են տեղի ունեցել: Հակառակորդը կիրառել է «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր («Կամիկաձե») ու այլ ժամանակակից զինտեխնիկա, իսկ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որը հայկական կողմը ոչնչացրել էր: Մեր զրուցակից զինվորականները նշում էին, որ հակառակորդի նման մասշտաբի զինատեսակների կիրառումն անսպասելի էր, հատկապես, որ նրանք նման լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չէին սպասում: Եվ ավելի լավ էր այդ չօգտագործվող հենակետերը կամ բարձունքը կորցնել, քան մարդկային կորրուստների գնով դրանք ետ վերադարձնել: Հենակետե՞րը, թե՞ զինվորների՝ մարդկային կյանքը: Այս երկուսի մեջ նրանք ընտրել են մարդկային կյանքը: Թերևս, հենց դրանով ենք նաև տարբերվում հակառակորդից, որի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի:
Գնդապետ Մելքումյանը, ով պետք է մի քանի օր բժիշկների հսկողության տակ լիներ, զինվորական կոշիկներն արագ-արագ հագնելով՝ փորձում էր դուրս նետվել սենյակից… Բուժքույրը փորձեց նրան համոզել՝ գոնե անհրաժեշտ կաթիլային ներարկումը ստանա… «Ես վիրավոր չեմ, ես չեմ կարա պառկեմ»,- ասում էր նա՝ արագ-արագ զինվորական վերնազգեստը հագնելով: Ոչինչ նրան ետ չպահեց, ոտքը կաղալով շտապեց դիրքեր՝ իր զինվորների մոտ…
Զինակից ընկերները պատմում էին, որ վիրավորվելու առաջին իսկ օրից դիմադրում էր՝ չէր թողնում բժիշկներն օգնություն ցուցաբերեին, որպեսզի գոնե ապաքինվեր վնասվածքը: «Իմ թոփալ ոտքը զինվորին ուժ ա տալիս… Զինվորը, որ դիրքերում՝ իրա կողքին, ինձ իմ էս թոփալ ոտքով տեսնում ա՝ նրա աչքին ոչինչ չի էրևում, տանկն ի՞նչ ա, որ վախենա…», – ասել ու թեժ մարտերի ժամանակ կրկին բարձրացել էր դիրքեր:
Այսօր [ապրիլի 10-ին] մենք, արդեն Երևանից, կրկին կապ հաստատեցինք հոսպիտալի պետ Վ. Ոսկանյանի հետ. նա ասաց, որ իրավիճակը խաղաղ է եղել, սակայն գնդապետ Մելքումյանին մի կերպ համոզել ու ընդամենը վիրակապ են փոխել. նա դիրքերում է՝ զինվորի կողքին»:
Արարատ Մելքումյանին հիշում են նաև իր ենթակայության տակ պարտադիր ժամկետային ծառայություն անցած զինվորները, որոնցից մեկը Epress.am-ի հետ զրույցում այդ սպայի մասին պատմեց հետևյալը․
– Իմ ծառայության ժամանակ շտաբի պետ էր: Մականունը Չոլկա: Զինվորների նկատմամբ ոչ թե խիստ, այլ դաժան վերաբեմունքով էր առանձնանում։ Հոգեպես անհավասարակշռվածի մեկն էր, քֆուրը բերանից անպակաս: Իմ աչքի առաջ զինվորներին պառկացնում էր, գոտիները հանում ու բլյախով ինչքան ուժ ուներ գլխներին խփում։ Նույնիսկ ստեփանակերտցի տղերքը մի անգամ սրան վիլիսից իջացրել էին, քացու տակ գցել, պագոնները պոկել ու թքել էին վրեն: Երբ նա տեղափոխվեց մեր մոտից, սաղ պոլկը մի թեթև շունչ քաշեց: Մարդիկ ասում էին, պատերազմ սկսի, առաջինը սրան ենք գյուլելու:
լուսանկարը՝ սքրինշոթ Հանրային հեռուստատեսության «Ադրբեջանի ջախջախման մեխանիկան» հաղորդումից