Home / Տեսանյութեր / Հարկադիր բուժման ենթարկված կինը չի զրպարտել կլինիկային, վճռել է դատարանը

Հարկադիր բուժման ենթարկված կինը չի զրպարտել կլինիկային, վճռել է դատարանը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը մայիսի 30-ին մերժել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ի հայցը՝ ընդդեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Ժուլետա Ամարիկյանի, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության։

Կլինիկայի ղեկավարությունը պահանջում էր հերքել «Մարդու իրավուքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում 2013թ.» ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցում հրապարակված հետևյալ տեղեկությունները. «…Ժուլետա Ամարիկյանը բռնի ուժով է բերվել հոգեբուժական հաստատութուն: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնել է, որ մոտ մեկ ամիս տառապել է հոգեբուժարանում տիրող մթնոլորտից և պայմաններից, առաջին 5 օրվա ընթացքում չի սնվել, միայն ջուր է խմել, հրաժարվել է ընդունել նշանակված դեղերը, քանի որ դեղերի ընդունման առաջին իսկ օրը սիրտը վատացել է և չի կարողաել քնել ամբողջ գիշեր, դեղերը բուժման վերջին օրը ստիպողաբար ներարկել են: Հոգեբուժարանում գտնվելու ողջ ընթացքում Ժուլետա Ամարիկյանը տանջվել և տառապել է, ոտնահարվել և ստորացվել է նրա արժանապատվությունը: Հոգեբուժարանում գտնվող բուժում և խնամք ստացող անձինք անընդհատ ծեծել և վիրավորել են միմյանց և գողացել միմյանց ուտելիքները»: Բացի դա, «Ավանը» ցանկանում էր, որպեսզի դատարանի վճիռը հրապարակվի ԶԼՄ֊ներով, ինչպես նաև 3 միլիոն դրամի փոխհատուցում ստանալ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը Epress.am֊ի հետ զրույցում նշել է, որ կազմակերպության դեմ ներկայացված հայցը ի սկզբանե անհիմն է եղել։

«Քաղաքացիական օրենսգրքի «վիրավորում և զրպատություն հոդվածը ազատում է պատասխանատվությունից, երբ տեղեկության հրապարակողը տվյալ փաստի վերաբերյալ հղում է կատարում այն աղբյուրին, որտեղից իրեն հասանելի է դարձել այդ տեղեկությունը։ Մեր կազմակերպությունը մոնիտորինգի շրջանակներում ձեռք է բերել տեղեկատվություն և նշվել է աղբյուրը տեղեկատվության, որը Ամարիկյանն էր։ Եվ դա նշանակում է, որ այդ գործով Հելսինկյանն այդ հայցի պատասխանողը չէր կարող լինել։

Ամարիկյանի կողմից հայտնած տեղեկությունները այնքան հավաստի էին, որ Հատուկ քննչական ծառայությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ճիշտ է՝ հետո կարճվեց, բայց ամեն դեպքում հետաքննություն իրականացվեց։ Այսինքն, ուզում եմ ասել, որ այդ իրողությունն էլ օդից վերցված չէր։

Բացի դրանից, մի շարք ժամկետային խախտումներ են եղել Ավան հոգեբուժարանի կողմից։ Եթե դու գիտես քեզ վիրավորել են, տվյալ պահից մեկամսյա ժամկետ ունես դիմելու դատարան։ Կարծեմ՝ 6 ամիս անց են դիմել նրանք», ֊ ասել է Զալյանը։

Հիշեցնենք, որ Ամարիկյանին «Ավանում» հարկադիր բուժման են ենթարկել, մինչդեռ նա պնդում է, որ հոգեկան առողջության խնդիրներ չունի և հոգեբուժական կլինիկա տեղափոխվել է բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի պատճառով:

Tekali Taxi