Home / Տեսանյութեր / Զոհված զինվորի մայրը միայն դատարանում է իմացել՝ որդու գործով նիստը չի կայանա

Զոհված զինվորի մայրը միայն դատարանում է իմացել՝ որդու գործով նիստը չի կայանա

2010 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել․ գործը վարող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը Սերժ Սարգսյանի մայիսի 23-ի հրամանագրով տեղափոխվել է Վերաքննիչ քրեական դատարան։ Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին և նրա փաստաբանին, սակայն, նիստի հետաձգման մասին ծանուցում չեն ուղարկել, և վերջիններս այսօր դատարան են եկել։

«Փաստորեն վաղուց այդ դատավորին տեղափոխել են այլ դատարան, սակայն ինձ ու իմ փաստաբանին ոչ մի ծանուցում չեն ուղարկել։ Ստացվում է, որ այդքան օրվա մեջ չեն կարողացել մեզ տեղյակ պահեն այդ մասին և մենք դատի ենք եկել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Նանա Մուրադյանը։ Վերջինս ասել է նաև, որ Մխիթարյանի տեղափոխման մասին պատահաբար կարդացել է կայքերից մեկում, բայց եկել է դատարան՝ կարծելով, թե ամեն դեպքում պետք է ներկայանա դատին։

Մուրադյանը նշել է նաև, որ նույն կերպ՝ պատահաբար, 2016 թվականի փետրվարի 1-ին է ինքը իմացել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին են կասեցրել որդու սպանության հետ կապված գործի վարույթը։

«Նախորդ դատական նիստին ես նշեցի քննիչի անգործության մասին և այս դատական նիստում արդեն փաստերով և փաստաթղթերով պետք է ներկայացնեի»,- պատմել է Մուրադյանը։

Չնայած այդ օրը քննիչը պնդել է, որ «որ զինվորի մահվան հետ կապված բոլոր հարցերին ինքը պատասխանել է արդեն», Մուրադյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ կան հարցեր, որոնց պատասխաններ ինքը չի ստացել։ Մասնավորապես, դեռ այն ժամանակ քննչական արձանագրության մեջ նշվել է, որ որպես իրեղեն ապացույց այլ իրերի հետ առգրավել են նաև Վալերի Մուրադյանի զինվորական կոշիկները, սակայն մոր խոսքով՝ որդու զինվորական կոշիկները իրեղեն մյուս ապացույցների հետ փաթեթում չեն եղել։

Նշենք, որ, համաձայն պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանն ինքնասպան է եղել կախվելու միջոցով, և այդ նպատակով նա կանգնել է մետաղյա աթոռի վրա, բայց քննության չեն ենթարկվել ոչ աթոռը, ոչ Մուրադյանի հագին եղած զինվորական կոշիկները:

«Դեռ այն ժամանակ էլ առաջին քննիչը՝ Արմեն Ապրեսյանը, ասել է, որ դիակի ստորին վերջույթների վրա վնասվածքներ չեն հայտանբերել, դրա համար կարևոր չեն համարել կոշիկները փորձաքննության ուղարկել։ Բայց նա, առաջին հերթին, պետք է կոշիկներից և աթոռից վերցներ հետքեր՝ փորձաքննության համար։ Մենք պահանջել ենք կոշիկները, ինքն էլ ասում է՝ չգիտի ուր են, կա՛մ իրեղեն ապացույցների հետ է, կա՛մ զորամասում մի տեղ», -մեզ հետ զրույցում պատմել է Նանա Մուրադյանը։