«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող հիվանդ կալանավոր Հրաչյա Գևորգյանն այսօր առավոտվանից հացադուլ է հայտարարել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը։
Նրա խոսքով՝ Գևորգյանն այս քայլով կրկին իր բողոքն է արտահայտել, որ ամիսներ շարունակ ինքը չի ստանում խոստացված բուժօգնությունը, ինչպես նաև երեկվանից ոչ մեկն իրեն չի օգնել հոգալ սեփական կարիքները։
«Երեկ 14։00-ի սահմաններում, երբ խոսեցի Հրաչյայի հետ, ինձ ասաց, որ սովորաբար 10։00 ամեն օր իրեն տանում են կարիքները հոգալու, սակայն արդեն կեսօրից անց է, բայց ոչ մեկը չի մոտեցել իրեն։ Երբ երեկոյան խոսեցի ասաց, որ ոչ միայն ոչ մեկը չի մոտեցել իրեն, այլև օրվա ուտելիքի չափաբաժինը չեն տվել իրեն», – ասել է Վեզիրյանը։
Վերջինիս խոսքով՝ հնարավոր է, որ այդ ամենը պատահական չի արվում և կատարվածում ինչ-որ միտում կա։
«Հնարավոր է, որ դա կապվում է բանտերի մասին երեկվա ասուլիսի հետ, որտեղ քննարկվել է նաև Գևորգյանի վիճակը», – ասել է դիտորդը։
Նշենք, որ Գևորգյանը տառապում է քրոնիկական հեպատիտ C-ով, քրոնիկական բրոնխիտով սրացման շրջանում, Պարկինսոնի հիվանդությամբ, արտերիալ հիպերտենզիայով, ալերգիկ դերմատիտով։ Սնվելիս և անձնական կարիքները հոգալիս նա օգտվում է այլոց օգնությունից։ Նա ապրիլի 25-ից մեկ ամիս հացադուլ էր արել՝ պահանջելով իրեն պատշաճ բուժօգնություն ցույց տալ։ Դրանից հետո Գևորգյանին հետազոտել էին, սակայն, Վեզիրյանի խոսքով, պատշաճ բուժում չէր իրականացվել։ Գևորգյանին այցելած Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կալանավորի հանդեպ ցուցաբերվող նման վերաբերմունքը խոշտանգում է։