Home / Տեսանյութեր / Հասարակությունը չնկատեց, որ Ռամիլ Սաֆարովի կացինն օգտագործվեց Հայաստանում․ քննարկում

Հասարակությունը չնկատեց, որ Ռամիլ Սաֆարովի կացինն օգտագործվեց Հայաստանում․ քննարկում

Իր նախկին կնոջ մորը սպանած Վլադիկ Մարտիրոսյանն օգտագործել է այն կացինը, որն օգտագործել էր Ռամիլ Սաֆարովը, սակայն այս դեպքում մեր հասարակության մեջ արարքը համարժեք արձագանք չի գտել։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ ասել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը։

Քննարկման թեման էր հուլիսի 8-ին Երևանում Վլադիկ Մարտիրոսյանի կողմից իրականացված հարձակումը նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի ընտանիքի վրա, որի ընթացքում տղամարդը կացնահարելով սպանել էր Մանսուրյանի մորը, և վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա հորը։

Անդրադառնալով հասարակության անտարբերությանը՝ Հովհաննիսյանը հավելել է, որ բոլոր դեպքերում պետությունը պարտավոր էր իրագործել մարդու կյանքի իրավունքի պաշտպանությունը։

«Նույն ժամանակահատվածում կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ամուսնուն չեն կալանավորել, սակայն Վարդգես Գասպարիի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել։ Այս դեպքում ընտրողական վերաբերմունք է ցուցաբերվել պետական մակարդակով։ Առաջին դեպքում ասում են՝ կին է, կհաշտվի, կանցնի», – նշել է Հովհաննիսյանը։

Քննարկման մեկ այլ մասնակից, «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով՝ հուլիսի 8-ի սպանության պատասխանատուն «մեզանից յուրաքանչյուրն է՝ հասարակական կազմակերպությունները, լրագրողները և հատկապես ոստիկանությունը»։

Ոստիկանության ներկայացուցիչ, գնդապետ Նելլի Դուրյանը, սակայն, պնդում է՝ ոստիկանությունն արել է ամեն ինչ, որպեսզի կանխի սպանության դեպքը․ «Մենք ամեն անգամ այցելել ենք այդ ընտանիքին, զրույցներ ենք ունեցել ընտանիքի անդամների հետ»։

Զառա Հովհաննիսյանը հեգնել է, թե ոստիկանության լավ վարքն ակնհայտ է․ «Հիմա ասուլիսը մի սենյակում է անցկացվում, որտեղ պատերի վրա կախված լուսանկարներում երևում է «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ ոստիկանների բռնությունները։ Դրանք վկայում են ոստիկանության պահվածքի մասին»։

Ոստիկանության ներկայացուցիչը չի համաձայնել․ «Ոստիկանության բարեփոխումներն այնքան շատ են, որ մի քանի այսպիսի սենյակ է հարկավոր, որ այդ դեպքերը պատկերող լուսանկարներ ցուցադրվեն»։

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում չկա կոնկրետ ընտանեկան բռնություններին վերաբերող օրենք, ինչը խնդիր է համարել։ Դուրյանն այս հարցում համաձայնել է իր ընդդիմախոսի հետ։

«Մենք մասնակցում ենք օրենքի մշակմանը, եթե դա ընդունվի ոստիկանությունը կարող է ավելի անկաշկանդ լինել, նա կարող է, ասենք, բռնարարին հեռու պահել տնից։ Իսկ հիմա ոստիկանը կաշկանդված է», -նշել է ոստիկանության ներկայացուցիչը։ Այնուամենայնիվ, նա կրկին շեշտել է, որ ոստիկանությունն ընտանեկան բռնության դեպքերին «շատ լավ, արագ և օպերատիվ է արձագանքում»։

Դուրյանը վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում շատացել են ընտանեկան բռնությունների դեպքերը և աճել են ոստիկանության բաժանմունքներում հաշվառված այն ընտանիքների թիվը, որտեղ ընտանեկան բռնության դեպքեր են գրանցվել։

«2016 թվականի 6 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 342 ընտանեկան բռնության դեպքի համեմատ գրանցվել է 373 դեպք։ 2016 թվականի ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով գրանցվել մահվան 4 դեպք։ Այս տարի ունենք ոստիկանությունում հաշվառված ընտանեկան բռնության ենթարկված 544 ընտանիք, նախորդ տարվա 402-ի դիմաց», – նշել է Դուրյանը՝ դեպքերի աճը կապելով ոստիկանության լավ աշխատանքի և այն հանգամանքի հետ, որ քաղաքացիները սկսել են ոստիկաններին ավելի շատ վստահել։

Հանդիպման մեկ այլ մասնակից, «Կանանց աջակցման կենտրոնի» հիմնադիր Մարո Մաթոսյանի խոսքով՝ այդ աճը պայմանավորված է ոչ թե նրա հետ, որ ոստիկանությունը լավ է աշխատում, այլ որովհետև չկա խիստ պատիժ․ «Պատիժը լինում է 3 տարվա ազատազրկում  կամ 50 հազար դրամի չափով տուգանք։ Բայց պետք է հասարակությունը հասկանա, որ ընտանեկան բռնությունը կրիմինալ ակտ է։ Այս հարցում կա քաղաքական կամքի բացակայություն»։

Դուրյանը չի համաձայնել նաև Մաթոսյանի հետ։ Նրա կարծիքով՝ կա բավականաչափ քաղաքական կամք․ «Դրա վկայությունն է համապատասխան վարչությունների ստեղծումը և օրենքի վերամշակումը»։

Օրենքի մշակմանը, սակայն, չեն կարողանում մասնակցել հասարակական կազմակերպությունները, պնդել է Հովհաննիսյանը․ «Մենք մի քանի անգամ դիմել ենք Արդարադատության նախարարությանը՝ ցանկանալով նույնպես ընդգրկվենք այդ օրենքի մշակման մեջ, սակայն ոչ մի պատասխան, դա փակ համակարգ է»։

Քննարկման մասնակիցները նշել են նաև, որ ընտանեկան բռնություններին վերաբերող օրենքն անգամ չի կարող կանխել նման բռնությունների դեպքերը։ Մաթոսյանն ընդգծել է, որ պետական մակարդակով հարկավոր է ստեղծել բռնարար ամուսնուց հեռացած կնոջ բնակության վայրեր և լուծել հետագա պաշտպանության խնդիրները։ Որպես կարևորագյուն խնդիր նշվել է, որ Հայաստանում 2,5 միլիոն բնակչությանը բաժին է ընկնում ընդամենը 2 ապաստարան, որտեղ կարող են ապրել այն կանայք, որոնք բռնության հետևանքով հեռացել են ամուսիններից։

«Իդեալական հասարակության մեջ 10 հազար բնակչության համար պետք է լիներ 1 ապաստարան։ Պետությունը, եթե իր վրա վերցնի այդ պարտականությունը, շատ կանայք կարող են փրկվել», – նշել է Մաթոսյանը։

Tekali Taxi