Արագածոտնի մարզի 12 համայնք, որոնք օգտնվում են Ամբերդի գետի ջրից, հունիս ամսվա վերջից ջրազրկված են, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ ջրազրկման պատճառը Ամբերդ գետի վերին հոսանքում կառուցված հիդրոէլեկտրակայաններն են, որոնք առավոտից գիշեր, առանց դադարի աշխատում են և արդեն 5-6 տարի ամռան սկզբից զրկում են համայնքներին խմելու և ոռոգման ջրից։
Ավան գյուղի բնակիչները թերթի հետ զրույցում նշել են, որ արդեն 60 օր է գյուղում անձրև չի տեղացել և այդ ընթացքում չի եղել ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր։
Գյուղացիների խոսքով՝ սպասվող բերքը գրեթե ամբողջությամբ վնասված է։ Վտանգ է սպառնում նաև անասուններին, որոնց համար մի քանի տարի առաջ մոտ 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ խմոցներ են կառուցվել։
Համայնքի բնակիչները մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել և փակել են Երևան-Գյումրի մայրուղին, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել։ Թերթի տեղեկություններով՝ ՀԷԿ֊երը պատկանում են ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ Մելս Չիլինգարյանին։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Epress.am Լուրեր Հայաստանից