Home / Հայաստան / ՀԷԿ֊երը գյուղերի բնակիչներին զրկել են խմելու և ոռոգման ջրից․ «Հրապարակ»

ՀԷԿ֊երը գյուղերի բնակիչներին զրկել են խմելու և ոռոգման ջրից․ «Հրապարակ»

Արագածոտնի մարզի 12 համայնք, որոնք օգտնվում են Ամբերդի գետի ջրից, հունիս ամսվա վերջից ջրազրկված են, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ ջրազրկման պատճառը Ամբերդ գետի վերին հոսանքում կառուցված հիդրոէլեկտրակայաններն են, որոնք առավոտից գիշեր, առանց դադարի աշխատում են և արդեն 5-6 տարի ամռան սկզբից զրկում են համայնքներին խմելու և ոռոգման ջրից։

Ավան գյուղի բնակիչները թերթի հետ զրույցում նշել են, որ արդեն 60 օր է գյուղում անձրև չի տեղացել և այդ ընթացքում չի եղել ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր։

Գյուղացիների խոսքով՝ սպասվող բերքը գրեթե ամբողջությամբ վնասված է։ Վտանգ է սպառնում նաև անասուններին, որոնց համար մի քանի տարի առաջ մոտ 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ խմոցներ են կառուցվել։

Համայնքի բնակիչները մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել և փակել են Երևան-Գյումրի մայրուղին, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել։ Թերթի տեղեկություններով՝ ՀԷԿ֊երը պատկանում են ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ Մելս Չիլինգարյանին։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում