Home / Հայաստան / Ցուցարարին ապտակած ոստիկանը չի պատժվի, քանի որ եղել է «սթրեսային վիճակի մեջ»․ «Հրապարակ»

Ցուցարարին ապտակած ոստիկանը չի պատժվի, քանի որ եղել է «սթրեսային վիճակի մեջ»․ «Հրապարակ»

Ցուցարարին հարվածած ոստիկան Արթուր Վարդգեսյանը սթրեսի մեջ էր, քանի որ նրա կինն ընդհատել էր հղիությունը դեպքի նախորդ օրը։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը մերժել է ոստիկանի հարվածից ականջի լսողությունը կորցրած 67-ամյա Հակոբ Նազարի֊Դեխնավի բողոքը՝ ոստիկանի դեմ քրեական վարույթը կարճելու վերաբերյալ։

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Դավթյան մերժումը հիմնավորել է նրանով, թե դեպքի օրը՝ 2015 թվականի օգոստոսի 21-ին, «ոստիկանը գտնվել է սթրեսային վիճակի մեջ», ինչը պայմանավորված է եղել անձնական հանգամանքներով և այդ օրը այլ ցուցարարների կողմից բռնության ենթարկվելու փաստով։

«Նախ, ինչ-որ ցուցարարներ, ըստ ոստիկանի ցուցմունքների, հարվածել են նրա սրունքներին և ամորձիներին։ Ցուցարարները դա արել են պառկած վիճակում՝ «իրենց դեպի մայթ տարհանելու ընթացքում»։ Պառկած ցուցարարների կողմից ծեծված, վնասված ամորձիով ոստիկանին ավելի նյարդային վիճակի մեջ է գցել «ճերմակ մազերով մի տղամարդ, որը եղել է Հակոբ Նազարի֊Դեխնավին։ Վերջինս դժգոհել է, թե ինչու են երիտասարդների նկատմամբ ուժ կիրառում, և հրել է ոստիկանին, որը վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած՝ աջ ձեռքի ափով հարվածել է նրան»», ֊ գրում է թերթը՝ մեջբերելով դատախազության որոշումը։

Ըստ գերատեսչության՝ ոստիկանը սթրեսի մեջ է եղել նաև այն պատճառով, որ միջադեպի նախորդ օրը նրա կինը հղիությունն է ընդհատել։

Նշենք, որ ոստիկան Արթուր Վարդգեսյանը Հակոբ Նազարի֊Դեխնավիին հարվածել էր օգոստոսի 21-ին Ազատության հրապարակում՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության ակցիայի ժամանակ։

Միջադեպի տեսանյութը․