Home / Տեսանյութեր / Վանաձորում ընտրություններից հետո ծեծել են Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին

Վանաձորում ընտրություններից հետո ծեծել են Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին

Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանը (լուսանկարում) երեկ՝ հոկտեմբերի 4-ին, դաժան ծեծի է ենթարկվել Հայկական Վերածնունդ (Օրինաց Երկիր) կուսակցության ներկայացուցիչ, հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավագանու անդամ դարձած, քաղաքում հայտնի կրիմինալ ոմն [Արկադի] Փելեշյանի կողմից: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Փելեշյանն իր նախընտրական բանդայի 15 ներկայուցիչների ուղեկցությամբ եկել է եկեղեցի, խաչակնքվել է և Ռաֆայել Գրիգորյանին ասել, որ իր բոլոր ուղեկիցները հավատացյալ մարդիկ են ու առաջարկել է Գրիգորյանի սենյակում առանձնանալ ու զրուցել: Սենյակ մտնելուց հետո, առանց որևէ բացատրության, սկսել է դաժանորեն ծեծել 66-ամյա մարդուն՝ խփելով միայն դեմքին: Ռաֆայել Գրիգորյանի աղջկա և փեսայի միջամտությունից հետո, որոնք, հրելով մուտքը հսկող Փելեշյանի կողմնակիցներին, մի կերպ կարողացել են մտնել սենյակ, ծեծը դադարել է: Ծեծը ուղեկցվել է ամենակոպիտ հայհոյանքներով և սպանելու սպառնալիքներով»,- գրել է Դանիելյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ծեծի պատճառները կապված են հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացված ՏԻՄ ընտրությունների հետ: Ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը, համաձայն Դանիելյանի, «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածուի համախոհները մտել են եկեղեցի, որտեղ մարդիկ պաշտամունքի էին հավաքվել և ցանկացել են բաժանել այդ կուսակցության գովազդային թերթիկները:

«Ռաֆայել Գրիգորյանը թույլ չի տվել դա անել՝ ասելով, որ դա արգելված է օրենքով, քանի որ ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է հայտարարված: Օրինաց երկիր և վերածնունդ խոստացող կազմակերպության անդամները դրանից վիրավորվել են»,- գրել է Դանիելյանը: