Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանին:
Վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այսօրվանից Կարո Եղնուկյանը որպես բողոքի միջոց հացադուլ է սկսել։
Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե դատարանը աննախադեպ մեկ միլիոն դոլար գրավի դիմաց ազատ չարձակվի, ապա դա ևս մեկ անգամ կհաստատի այդ փաստը, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Եղնուկյանն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։