«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ձերբակալված անդամ Կարո Եղնուկյանը դադարեցրել է 13 օր տևած հացադուլը։
Epress.am-ի հետ զրույցում Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ Եղնուկյանի առողջական վիճակը շատ ծանր է եղել, և նա հացադուլը դադարեցրել է բժիշկների ու հարազատների հորդորով։
Հայրապետյանը նշել է, որ Եղնուկյանը շարունակելու է իր պայքարը և ներկա է գտնվելու իր գործով բոլոր դատական նիստերին․ «Այսօր Վերաքննիչ դատարանում քննվում էր Եղնուկյանի գործով բողոքարկումը, սակայն նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի, և Եղնուկյանը պատրաստվում է ներկա գտնվել այդ նիստին։ Մենք ցանկանում ենք արագ սպառել հայաստանյան դատական ատյանները և արդեն դիմել Եվրադատարան»։
Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Նա չի ընդունում մեղադրանքը։ Եղնուկյանն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր 1 մլն դոլար գրավի դիմաց ազատ արձակել Եղնուկյանին, ինչից հետո նա որպես բողոքի միջոց հացադուլ է սկսել։