Home / Տեսանյութեր / Սարի թաղի ցույցի և ՊՊԾ գնդի գրավման գործերը միացնելը կեղծիք է․ փաստաբան

Սարի թաղի ցույցի և ՊՊԾ գնդի գրավման գործերը միացնելը կեղծիք է․ փաստաբան

Հուլիսի 29֊ին Սարի թաղում տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ հարուցված քրեական գործը, որ մինչ այժմ քննում էր Քննչական կոմիտեն, ուղարկվում է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին երեկ հայտարարոթյուն է տարածել ՀՀ դատախազությունը։ Նշենք, որ այդ օրը ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, երթի մասնակիցներից շատերին, ինչպես նաև լրագրողներին ծեծի ենթարկել։

Գործով որպես մեղադրայլ անցնող Վահագն Ղումասյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գործը ՀՔԾ֊ի քննությանը հանձնելն աբսուրդ է, քանի որ Հատուկ քննչական ծառայությունը, համաձայն օրենսդրության, իրականացնում է նախաքննություն այն գործերով, որոնք վերաբերում են օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապված հանցակցություններին։ Հուլիսի 29֊ի երթին մասնակցած և այժմ մեղադրվող անձնացից և ոչ մեկը պաշտոնատար անձ չէ։

Դատախազության հայտարարության մեջ ասված է նաև, որ նշված քրեական գործը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները մեղադրվում են ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ գրավելու մեջ։ Հուլիսի 29-ի բողոքի ակցիայի առթիվ քրեական գործը քննվում է զանգվածային անկարգությունների մասին քրեական հոդվածի հատկանիշներով (225֊րդ հոդված)։ Մեղադրանք է առաջադրվել երթի բազմաթիվ մասնակիցների, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Արմեն Մարտիրոսյանին, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանին։ Վերջինս դեռ գտնվում է կալանքի տակ։

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ իրավապահ մարմինները այս ամենով փորձում են իրենց վախեցնել։ «Երևի փորձում են մեզ վախեցնել, թե՝ խելոք մնացեք, մեղադրանքը կվերավորակենք։ Բայց սխալ հասցեատեր են ընտրել»,֊ Epress.am֊ին ասել է Սանասարյանը։

Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է․ «Քննչական մարմինն ուզում է ցույց տալ, թե իբր ցուցարարները նպատակ են ունեցել միանալ ՊՊԾ֊ն գրաված մարդկանց։ Սա ակնհայտ կեղծիք է։ Բոլոր տեսանյութերում երևում է, որ Սարի թաղում ցուցարարները սպասել են ոստկաններին․ եթե ցանկանային գնալ դեպի ՊՊԾ, կգնային։ նույնիսկ զանգվածային անկարգություններ չեն եղել, խաղաղ ակցիա է եղել ՝ իշխանությունների ապօրինի գործողությունների դեմ»։

Tekali Taxi