Հայաստանում նախագահական ընտրություններում իշխանական թեկնածու, նախկին պաշտպանության նախարար, «Արցախի հերոս» Սեյրան Օհանյանի միակ մրցակիցը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանն է։
Վերջինս առաջադրվում է ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, քննադատում իշխանություններին և խոստանում վարվել երկրի հետ այնպես, ինչպես վարվել է սեփական բիզնեսների հետ՝ ծաղկեցնել այն․ «գրպանս Հայաստանի բյուջեն է, քաղաքացիները՝ օրթախներս»։
Մարզերում քարոզարշավի ընթացքում Ալեքսանյանը հավաստիացնում է, որ կտրուկ կիջեցնի հարկերը և «կհանի աշխատավարձերից պարտադիր պահումները», կառավարիչներից հոգնած ժողովրդին խոստանում է «ավազակախմբի անդամներին վերադարձնել հայրենիք», ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել անվերահսկելի ֆինանսական հոսքերը Ղարաբաղ։
Արմենչիկը, Թաթան, Գարիկ Մարտիրոսյանը, Շարլ Ազնավուրը, Շուշան Պետրոսյանը, Հայկոն և Մկոն կոչ են անում հայ ժողովրդին աջակցել Սեյրան Օհանյանին և խուսափել երկիրը անդունդը տանող արկածախնդիր և վարկաբեկված գործիչներին ձայն տալուց։ ԶԼՄ-ները օր ու գիշեր ծաղրում են Լֆիկի խոսելաոճը, «Կիսաբաց լուսամուտները» խոսեցնում է նրա բազմաթիվ ընտանիքների հարևաններին, Շամշյանը ցուցադրում է Ալեքսանյանի հաբռգած մտերիմների կողմից ճնշված ոստիկաններին, «Արմ Քոմեդի»-ի շաբաթվա բոլոր բոցերը Լֆիկինն են, ընդդիմությունը հակված է ընտրել չարյաց փոքրագույնը, «SOS»-ը հիշում է, որ հարրենիքի համար ոտքը կորցրած Օհանյանը Սեֆիլյանի հետ ուս ուսի ազատագրում էր Արցախը, այլ ոչ թե Լֆիկի պես «բոզավարի թաքնվում Մալաթիայի պոռնկանոցներում»։
Գագիկ Ծառուկյանն ու Նաիրա Զոհրաբյանը պնդում են, որ Ալեքսանյանը չափերը բոլորովին անցել է, կոչ են անում ընտրել Օհանյանին և նշում, որ կուսակցությունը հանում է իրենց նախկին թեկնածուին «Լֆիկ» անվանելու արգելքը։
Հենրիխ Մխիթարյանը համեմատում է Սամվել Ալեքսանյանին Ժոզե Մոուրինյոյի հետ՝ ասելով, որ նրա նախագահությունը բոլոր հայաստանցիներին կնստեցնի պահեստայինների նստարանին։ Լևոն Արոնյանը առաջարկում է «գլխով մտածել, ինչպես նախորդ անգամները»։
Իպրեսս․ամ-ը խոստանում է քննադատել Լֆիկին՝ Օհանյանի բանակային քաջագործությունների թեման սպառելուց հետո և հաղորդումների շարք պատրաստում զինված ուժերում առօրեական բռնությունների մասին։ Հաքքըն․ազ-ը վերատպում է նյութերի մի մասը՝ ուշադրություն հրավիրելով Հայաստանում իշխող պարտվողական տրամադրություններին։
Քվեարկության օրը պետական աշխատողները, մարզերի բնակիչները, տաքսու վարորդները, փակված գործարանների աշխատավորները, նախկին նախարարի քաղաքականության հետ մոտիկից ծանոթ զինծառայողները, վարկերի տակ մնացած գյուղացիները և Ռուսաստանից ժամանակավոր վերադարձած խոպանչիները հանկարծ զանգվածաբար մասնակցում են ընտրություններին և սովորության համաձայն քվեարկում իշխանական դրածոյի դեմ։ Սեյրան Օհանյանը պարտվում է։ Քուչի հեղինակությունները ապակողմնորոշված են, սակայն չեն թաքցնում ուրախությունը։ Լֆիկը դառնում է Հայաստանի Հանրապետության նախագահ։
Յուրի Մ