Գլխավոր / Բանտ / 2016֊ին դիտորդներին սկսել են արգելել այցելել քաղաքական գործերով կալանավորվածներին

2016֊ին դիտորդներին սկսել են արգելել այցելել քաղաքական գործերով կալանավորվածներին

2016 թվականին Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի 12 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ դիտորդներին արգելվել է այցելել կալանավորներին այն ժամանակ, երբ քննիչն արգելք է դրել հանդիպումների վրա։ Ընդ որում, այս արգելքը կիրառվել է քաղաքական մեծ հնչողություն ունեցող գործերի դեպքում։ Այսպես, դիտորդներին թույլ չեն տվել այցելել քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանին, նախին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանին, ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նրանց պաշտպանության ակցիաների ընթացքում ձերբակալված անձանց։ Այս մասին այսօր դիտորդական խմբի 2014-2015 թվականի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը։ Նրա խոսքով՝ օրինակ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը գրեթե դուրս է մնում վերահսկողությունից, քանի որ այդտեղ հիմնականում պահվում են այն մարդիկ, որոնց գործերը նախաքննության փուլում են։

Քննարկման մասնակից, «Բաց հասարակություններ֊Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը նկատել է, որ նման արգելք դիտորդների դեմ չի դրվել անգամ 2008 թվականի Մարտի 1-ից հետո, երբ դիտորդներն անարգել այցելում էին քաղբանտարկյալներին։

Քննարկման ընթացքում Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նախ ասել է, որ չարժե կենտրոնանալ միայն այդ հարցի վրա, քանի որ քննարկվում է 2014-2015 թվականների զեկույցը, իսկ 2016 թվականի մասին խոսելիս՝ կարելի է ոչ միայն վատը նկատել, այլև այն բոլոր բարեփոխումները, որոնք կատարվել են այդ ժամանակահատվածում։

Արգելքի մասին խոսելով՝ Քրմոյանն ասել է, թե «այդ արգելքը մեզ վրա էլ է տարածվում»։

Նա օրինակ է բերել․ նախարարության աշխատողները գնացել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ որոշ կալանավորների այցելելու, սակայն չեն կարողացել դա անել։

Քրմոյանն ասել է, որ հարցը պետք է լուծվի օրենսդրական փոփոխություններով, իսկ թե ինչու մինչև հիմա գործող օրենքի պայմաններում դիտորդները «անարգել հանդիպումներ» էին ունենում, չի բացատրել։ Մեր այն հարցին, թե արդյոք Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ և պատրաստվում է դրանք ԱԺ ներկայացնել, Քրմոյանը բացասական պատասխան է տվել։

Tekali Taxi