Home / Հայաստան / Պատգամավորը պնդում է՝ հարվածել է լրագրողին «դաստիարակելու համար»

Պատգամավորը պնդում է՝ հարվածել է լրագրողին «դաստիարակելու համար»

Դեկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողովի նիստի ընդմիջումներից մեկի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել և հարվածել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին։

Լրագրողների հետ զրույցում ինքը՝ Մակարյանը, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի միջանցքներից մեկում, որտեղ չեն եղել տեսախցիկներ։ Լրագրողի խոսքով՝ պատգամավորին դուր չի եկել «Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ իր հարցերը, մասնավորապես, ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու և կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ։ Հակոբյանը բարկացել է և լրագրողին հրավիրել զրույցի։

«Հարցեր տվեց․․․մինչև փորձում էի բացատրեի, բառը բերանս կիսատ մնաց, միանգամից հայհոյեց ու խփեց դեմքիս․․․ նա նաև սպառնացել է, ասաց, որ սրանով չեմ պրծնի», – ասել է Մակարյանը։

Վահե Մակարյան

vahemakaryan

Միջադեպի օրը լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշել է, որ ինքը զբաղվել է լրագրողի դաստիարակությամբ, քանի որ վերջինս իրեն պահել է «խուլիգանի պես»․ «Ես հասկացա, որ ոչ թե լրագրողի, այլ պարզագույն խուլիգանի հետ եմ զրուցում։ Հրավիրեցի, ասացի, գուցե իրոք դաստիարակելու բան կա, դաստիարակեմ․․․ երևի իրեն դուր չեկավ դաստիարակության այն չափը, որից էլ բողոքում է։ Եթե հակաօրինական բան կա, թող դիմի օրենքի սահմաններում, ճշտի»։

Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում նիստի սկսելուց առաջ Հակոբյանն անդրադարձել է իր և Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Հակոբյանը ներողություն է խնդրել ոչ թե լրագրողից, այլ խորհրդարանից՝ նշելով, որ միջադեպը Ազգային ժողովի մասին ոչ դրական գնահատականների առիթ է տվել․ «Ցավ եմ զգում, որ այդ պատճառով որոշ կայքէջեր, սոցիալական ցանցեր ոչ դրական գնահատական են տվել խորհրդարանին այս՝ խորհրդարանին ոչ հարիր միջադեպի համար: Բայց նաև ուզում եմ ասել, որ այդ միջադեպի մյուս կողմը լրագրող չի եղել, եղել է խուլիգան, որի հետագա գործողությունը փորձել եմ կանխել»:

Կատարվածի առնչությամբ դատապարտող հայտարարություն են տարածել նաև լրագրողական մի շարք կազմակերպություններ՝ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովից պահանջելով քննարկել այս միջադեպում պատգամավորի դրսևորած վարքագիծը և հրապարակել իր եզրակացությունը: