«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ֊վարող Պետրոս Ղազարյանն (լուսանկարում՝ աջից) ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօրվա համարում գրել է «Ժամանակ» օրաթերթը։
«Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդում է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։ Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել»,֊ գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է «Շանթ» և «Հ1» հեռուստաընկերությունների նախկին քաղաքական մեկնաբան Նվեր Մնացականյանը։
Նշենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 14֊ին Պետրոս Ղազարյանը իր հաղորդմանը հյուրընկալել էր դերասան Սերգեյ Դանիելյանին, ում հետ զրուցել է վերջինիս նախաձեռնած Քաղաքացիական ակտիվ քայլ (ՔԱՔ) կուսակցության մասին։ «Կենտրոն» հեռուստաընկերության պաշտոնական YouTube-ի ալիքից հեռացրել է այդ հաղորդումը։
Հաղորդումը լայն տարածում էր գտել սոցցանցերում։ ՔԱՔ֊ի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ 10 օրում կուսակցությանը անդամակցել է 1000 մարդ։
Հաղորդման ժամանակ Պետրոս Ղազարյանը, անդրադառնալով Դանիելյանի ծրագրին՝ չաշխատելու և բյուջե «գռփելու» մասին, ասել է․ «Այդպիսի կուսակցություն կա, էլ դու ինչի համար ես, մի հիմնականը կա, որը բյուջեից օգտվում է։ Կոռուպցիան կա։ Այդ ամեն ինչը շատ գեղեցիկ կերպով արվում է»։
Նշենք, որ Պետրոս Ղազարյանին փոխարինող Նվեր Մնացականյանը նոյեմբերին հեռացվել էր Հանրային հեռուստաընկերությունից։ Նա լրատվամիջոցներին ասել է, որ նոր ղեկավարության հետ չի ցանկացել աշխատել։ Հ1-ի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն էր նշանակվել Հարություն Հարությունյանը։