Home / Բանակ / Վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է․ Մինսկի խումբն արձագանքել է սահմանային միջադեպին

Վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է․ Մինսկի խումբն արձագանքել է սահմանային միջադեպին

Դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, Լեռնային Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 20-ամյա Գարիկ Վարդանյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է զինծառայողի տատը՝ Զոյա Մարգարյանը։

«Կայուն է այնքանով, որ սրտի աշխատանքը նորմալ է, շնչառական ապարատը անջատել են, ճնշումը նորմալ է, այժմ պետք է սպասենք միայն», – ասել է Մարգարյանը։ Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունից ընտանիքից հայտնել են, որ թոռնիկը գլխի շրջանում վիրավորում է ստացել հակառակորդի դիպուկահարի կրակոցից․ «Գնդակը ծակել է թուշը, վզից դուրս է եկել»։

Վարդանյանը պետք է զորացրվեր այս տարվա հունվարի 17-ին։

Նշենք, որ 2016-ի վերջին լարված վիճակ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած սահմանի հատվածում «ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ», որի ժամանակ երկու կողմերն էլ կորուստներ են կրել:

«ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը», – նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկ այլ հաղորդագրությամբ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ, իսկ հայկական կողմի մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական զինվորական համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի։

Վիճակի հետ կապված երեկ՝ հունվարի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Բաքուն և Երևանը շարունակում են միմիյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներթափանցման փորձի մեջ, որի հետևանքով զոհեր են եղել։ Նրանք նշել են, որ Հայաստանի զինված ուժերը դեռևս իրենց մոտ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին․ «Հրադադարի ռեժիմի խախտումը անթույլատրելի է և հակառակ է կողմերի վերցված ուժ չկիրառելու մասին պարտավորություններին»։

Համանախագահները հորդորել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խոստորն պահպանել 2016 թվականի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պարտավորությունները՝ ներառյալ կարճ ժամանակում ավարտին հասցնել միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծումը։

«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար», – նշված է հայտարարության մեջ։

Tekali Taxi